Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աճում է ազգայնականների զոհերի թիվը


Ռուսաստան - Ռուս ազգայնականների երթը Մոսկվայում Ազգային միասնության օրը՝ նոյեմբերի 4-ին, 2013թ․

Ռուսաստան - Ռուս ազգայնականների երթը Մոսկվայում Ազգային միասնության օրը՝ նոյեմբերի 4-ին, 2013թ․

Մոսկվայում գործող «Սովա» վերլուծական կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում այլատյացության և ծայրահեղականության վերաբերյալ հերթական զեկույցը, որի համաձայն` 2013 թվականին երկրում 20 մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են այլատյացության հողի վրա տեղի ունեցած հարձակումների հետևանքով:

Ազգայնամոլների զոհ են դարձել մեծամասամբ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները, տխուր ցուցակի երկրորդ հորիզոնականում են կովկասցիները, սքինհեդները հարձակվել են նաև չինացիների և աֆրիկացիների վրա:

Ազգայնամոլների հարձակումներն առավել մեծ թիվ են կազմել մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ 8 մարդ սպանվել է, 53-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Սանկտ Պետերբուրգում անցած տարի զոհվել է երեք մարդ:

«Սովա»-ի նախորդ զեկույցի համաձայն՝ ազգայնամոլների հարձակումների հետևանքով 2012-ին Ռուսաստանում 18 մարդ էր սպանվել, 171-ը՝ վիրավորվել: Անցած տարի ընդհանուր առմամբ 170 մարդ է վիրավորվել և 20 մարդ՝ զոհվել:

Այս տվյալները վկայում են, որ ազգայնամոլների զոհերի թիվը Ռուսաստանում նախորդ տարվա համեմատ 2013-ին աճել է, իսկ ազգամիջյան խնդիրները վերածվել են լուրջ անկարգությունների և նույնիսկ բախումների․ բավական է հիշել Բիրյուլևոյի կամ բոլորովին վերջերս տեղի ունեցած Արզամասի դեպքերը, ընդ որում՝ Արզամասի դեպքում տուժել են հայերը:

Հիշեցնենք՝ Արզամասում դեկտեմբերի լույս 7-ի գիշերը հայերին պատկանող «Օջախ» ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով դանակի հարվածից մահացել է տեղի բնակիչներից 26-ամյա Ալեքսանդր Սլակաևը, իսկ նրա ընկերը տեղափոխվել է հիվանդանոց: Բնակիչները ժողովրդական հավաքներ էին անցկացնում՝ տեղական իշխանություններից պահանջելով գործը չկոծկել, պատժել մեղավորներին և ընդհանրապես քաղաքից վտարել բոլոր միգրանտներին: Հավաքից հետո մի քանի տասնյակ երիտասարդներ ազգայնական վանկարկումներով սկսել էին ջարդուփշուր անել այլազգիներին պատկանող կրպակներն ու խանութները: Արզամասում բնակվող հայերից շատերը ստիպված եղան թողնել քաղաքը, իսկ նրանց պատկանող սրճարաններ ու խանութները մեծամասամբ փակվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG