Մատչելիության հղումներ

Խանումյան. «Նախաքննությունը փորձում են տանել այլ ուղղությամբ»


Վիտալի Բալասանյանի նախկին խոսնակը «անլուրջ» է որակում Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածուի դեմ մահափորձի պատճառների` ոստիկանության ներկայացրած մեկնաբանությունը:

«Բալասանյանի սպանությունը ձեռնտու է իշխանության մեջ գտնվող այն անձանց, որոնք պատրաստվում են առաջիկա նախագահական ընտրություններին», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց նախընտրական շրջանում Բալասանյանի խոսնակ, նրա համախոհ Հայկ Խանումյանը, - «Այժմ Արցախում 6-7 անուն է տրվում, և ենթադրում եմ, որ առնվազն նրանցից երեքի համար Բալասանյանը անցանկալի անձ է: Հետևաբար դատախազության այս հաղորդագրությունից հետո ես ենթադրում եմ, որ նախաքննությունը փորձում են տանել այլ ուղղությամբ»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ օրերս տեղի ունեցած մահափորձը Ղարաբաղում բուռն քննարկումների տեղիք տվեց: Մինչ Բալասանյանն ու իր մերձավորները չեն շտապում վարկածներ շրջանառել սպանության փորձի առնչությամբ, ԼՂ ոստիկանությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ և մեկնաբանությամբ: Երեկ տարածված այդ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. - «Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԼՂ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1974թ. ծնված Արա Ռաֆայելի Ավետյանը և 1979թ. ծնված Սերգեյ Բորիսի Հարությունյանը, ովքեր Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով»:

Հիշեցնենք՝ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, եղել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը: Իսկ անցած տարվա ընտրություններին նա հանդես եկավ որպես նախագահի ընդդիմադիր թեկնածու` խիստ քննադատելով գործող իշխանություններին, նրանց կողմից տարվող քաղաքականությունը։ Սակայն ընտրություններից հետո Բալասանյանը շարունակեց միայն իր պատգամավորական գործունեությունը և չստեղծեց խոստացած ընդդիմադիր կուսակցությունը:
XS
SM
MD
LG