Մատչելիության հղումներ

Լիսաբոնից ստացված հաղորդագրության համաձայն, հունվարի 5-ին վաղ առավոտյան մահացել է Պորտուգալիայի ֆուտբոլի լեգենդար հարձակվող Էուսեբիո դա Սիլվա Ֆերեյրան, ով մարզական աշխարհում ավելի հայտնի էր որպես Էյսեբիո։

Պորտուգալական ԶԼՄ-ների փոխանցմամբ, 71-ամյա Էյսեբիոն մահացել է սրտի կաթվածից։

Էյսեբիոն 1965 թվականին ճանաչվել է Եվրոպայի լավագոույն ֆուտբոլիստ։ Նրան անվանել են «սև հովազ»։

Էյսեբիոն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 64 հանդիպում և խփել է 41 գոլ։

1966 թվականին Պորտուգալիայի հավաքականը Անգլիայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հասել է մինչև կիսաեզրափակիչ և պարտվել է անգլիացիներին, ովքեր եզրափակիչում հաղթել են գերմանացիներին և վաստակել են չեմպիոնի տիտղոսը։

Երրորդ տեղի համար խաղում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է ԽՍՀՄ ընտրանուն։ Այդ առաջնությունում Էյսեբիոն 9 գոլ է խփել և դարձել է լավագույն ռմբարկուն։

Էյսեբիոն ծնվել է 1942 թվականի հունվարի 25-ին Մոզամբիկում, որը նախկինում Պորտուգալիայի գաղութն էր։

Ապրելով Մոզամբիկում, նա խաղացել է «Սպորտինգ» թիմում, իսկ տեղափոխվելով Պորտուգալիա` հանդես է եկել «Բենֆիկա» ակումբի կազմում։ Ավարտելով կարիերան Պորտուգալիայում, Էյսեբիոն ևս մի քանի տարի խաղացել է կանադական և ամերիկյան ակումբներում։

Էյսեբիոն ընդհանուր հաշվով անցկացրել է 438 պաշտոնական հանդիպում և խփել է 428 գոլ։

«Ֆուտբոլի արքա» Պելեն 2004 թվականին «սև հովազին» ընդգրկել է «մոլորակի 125 լավագույն կենդանի ֆուտբոլիստների» ցանկում։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG