Մատչելիության հղումներ

logo-print
Արդեն հինգ օր է, ինչ Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ:

2012-ի դեկտեմբերին ստորագրված և շուրջ մեկ տարի տարբեր գործընթացներ անցած համաձայնագիրը սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները Շենգեն վիզայի համար այսուհետ 60 եվրոյի փոխարեն վճարելու են 35 եվրո: ՀՀ քաղաքացիների որոշակի խմբեր էլ առհասարակ ազատվում են վիզայի վճարից:

Ըստ ԵՄ խորհրդի կայքի` այդ խմբին են պատկանում դպրոցականները, ուսանողները և նրանց ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում, ԵՄ-ում օրինական կերպով բնակվող մերձավոր ազգականները, թոշակառուները, 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները, պաշտոնական պատվիրակությունների անդամները և գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները, լրագրողները և նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և նրանց ուղեկցող անձնակազմը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների հրավերով, արվեստի և մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցները, հաշմանդամության կարգ ունեցող անձինք և նրանց ուղեկցողները:

Երկարատև բազմակի մուտքի վիզաներ դյուրացված պայմաններով կտրամադրվեն նախկինում վիզա ստացած և առաջիկայում ճամփորդելու ապացույցներ տրամադրող մարդկանց: Հայաստանի քաղաքացիները, ովքեր Եվրոպայում օրինական բնակվող մերձավոր ազգականներ ունեն, կկարողանան նաև առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա ստանալ:

Սա և վիզայի վճարի նվազեցումն են ըստ էության հիմնական փոփոխությունները, որ արդեն մի քանի օր է ուժի մեջ են մտել նոր համաձայնագրով: Մնացած բոլոր պայմանները մնացել են նույնը` Հայաստանի քաղաքացիները պետք է շարունակեն տրամադրել իրենց ճամփորդության իրավական հիմնավորումները` հրավերներն ու ճամփորդության մանրամասները:

Վիզային ռեժիմի դյուրացմանը զուգահեռ ուժի մեջ է մտնում ռեադմիսիայի կամ ետընդունման համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվում է 3-օրյա ժամկետում ետ ընդունել արտերկրում ապօրինի բնակվող իր քաղաքացիներին, նրանց ընտանիքի անդամներին, երեխաներին, նույնիսկ նրանց, ովքեր հրաժարվել են իրենց հայկական քաղաքացիությունից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG