Մատչելիության հղումներ

logo-print

Շանթ Հարությունյանի գործով նամակ Հռոմի պապին, Օբամային, Մերկելին, Բան Կի-մունին


Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013

Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013

Հայաստանի ավելի քան 1500 քաղաքացի դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ից ազատազրկված մյուս 13 քաղաքացու իրավունքների պաշտպանության հրատապ կոչով:

«Երկու ամիս ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների և բռնությունների՝ դեկտեմբերի 24-ին բանտում նա (Շանթ Հարությունյանը) դիմել է ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, պահանջելով վերացնել ընտանիքի անդամների այցելությունների արգելքը և կյանքի անվտանգության երաշխիքներ։ Գտնվելով հացադուլի մեջ՝ նա մնացել է ծայրահեղ վիճակում՝ առանց անհրաժեշտ բժշկական հսկողության, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, նա իրավունք չունի հանդիպել ընտանիքի անդամների հետ, ցանկացած այցելություն մերժվում է»,- գրել են նամակի հեղինակները՝ ավելացնելով, որ նույն կարգավիճակում են նաև նոյեմբերի 5-ի գործով կալանավորված մյուս 13 բանտարկյալները:

Նամակներում նշված է, որ անցնող ամեն րոպեն կարող է ողբերգական լինել բանտարկվածների համար, «ովքեր պայքարում են ազատության և մարդկային արժանապատվության համար»։

Նրանց կյանքը վտանգված է, Ֆրանցիսկոս Առաջինին, Օբամային, Մերկելին, Բան Կի-Մունին, Բուրկհալտերին հասցեագրված նամակում գրել են ՀՀ քաղաքացիները՝ դժգոհելով մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի ղեկավարների գործելաոճից։

«Ոչ ոք չի լսում քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների ձայնը: Դատարանը քաղբանտարկյալների ազատազրկումը երկարաձգել է ևս երկու ամսով՝ առանց որևէ հիմքի և բացատրության»,- ասված է նամակում։

«Դիմում ենք Ձեզ, աշխարհի ամենաազդեցիկ և ամենաոգեշնչող անձնավորություններին` խնդրելով լսել այս հրատապ կոչը»,- նշել են քաղաքացիները՝ հավելելով.- «Մեր երկիրը փլուզվում է բռնատիրական Ռուսաստանի ճնշման տակ, միջազգային հանրության անտարբերության ու լռության ներքո։ Հայաստանի չընտրված և ոչ լեգետիմ նախագահ Սերժ Սարգսյանն իր երկրի քաղաքացիների կամքին հակառակ գործարքի մեջ է Ռուսաստանի հետ: Նա երկու անգամ բռնազավթել է ներկայիս պաշտոնը. 2008-ին՝ տասը անմեղ զոհերի գնով, մյուսը՝ 2013-ին կեղծված ընտրություններով: Դիկտատոր և բռնապետ Ս. Սարգսյանը միայնակ չի կարող որոշել մեր հնագույն երկրի ճակատագիրը»։

Քաղաքացիներն այս նամակում անդրադարձել են նաև Շանթ Հարությունյանի բողոքի ակցիաների ժամանակ հնչեցրած կոչերի դրդապատճառներին՝ հայտնելով համաձայնություն նրա գաղափարներին.- «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս ասում ենք ոչ Մաքսային միության հետ ուժային միացմանը, ոչ մեր ժողովրդի ոչնչացմանը, ոչ մեր ինքնիշխանության ու պետականության կորստին, ոչ կաշառակերությանը, ոչ բռնատիրությանը, ոչ հետապնդումներին, ոչ քաղաքական բանտարկյալներին։ Հարգարժան Սրբություն, տիկին, պարոնայք։ Մենք գիտենք, որ դուք իրազեկ եք վերը նշվածին: Դուք Ձեր ելույթներում մշտապես ընդգծել եք մարդկային համերաշխության, դեմոկրատիայի, մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մենք համոզված ենք, որ համր չեք մնա այս կանչին և հավատարիմ մնալով Ձեր գաղափարներին ու արժեհամակարգին, մեզ օգնության ձեռք կմեկնեք։ Բարձրացրեք Ձեր մարդասիրական ձայնը, տվեք Ձեր թանկարժեք սատարումը մեր քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին` նրանց կենսապայմանները դարձնել տանելի և մարդկային, երաշխավորել նրանց անվտանգությունը և վերացնել նրանց սպառանացող մահվան վտանգը: Ակնկալում ենք Ձեր հրատապ արձագանքը, որովհետև սա կյանքի և մահվան խնդիր է»։

Նամակի համահեղինակ Արուսյակ Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ դրա կրկնօրինակներն ուղարկվել են նաև սփյուռքում բնակվող, անվանի հայ մարդկանց, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանին:

Շվեցարիայում բնակվող Հայրապետյանը նաև փոխանցեց, որ քաղաքացիները շարունակում են միանալ այս նախաձեռնությունը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG