Մատչելիության հղումներ

logo-print
Մաշտոցի պուրակում այսօր հավաքվածների թվում էին «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից», «Նախախորհրդարան» և «Դեմ եմ պարտադիր կուտակայինին» շարժման անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր հայտարարում էին, որ գալիք տարում շարունակելու են Փակ շուկայի համար պայքարը:

«Երևանը սիթի չէ, մեր քաղաքն է» վերտառությամբ պաստառներով, եռագույն դրոշներով ու դեղին գլխարկներով հավաքվածները, ոստիկանների ուղեկցությամբ երթով շարժվեցին «Փակ շուկա»՝ ճանապարհին բարձրախոսով ներկայացնելով Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը.- «Ծածկած շուկան, որը գրանցված է հանրապետական նշանակության հուշարձանների շարքում, վանդալի կողմից շուրջ երկու տարի ոչնչացվում է, իսկ պետական պատկան մարմինները միայն կարողանում են հայտարարել, որ շուկայի ոչնչացումը ապօրինի է։ Սա քրեական հանցագործություն է, որը կոչվում է վանդալիզմ։ Նման տեմպերով ոչնչացվելու պարագայում մենք արդեն ոտնձգություններ անգամ Գառնու տաճարի նկատմամբ, որի բակում փորձում են ինչ-որ կիսառեստորանային համալիր կառուցել»։

Երթի ընթացքում ակտիվիստները կոչ էին անում քաղաքացիներին բոյկոտել օլիգարխների բիզնեսները: Փակ շուկայի դիմացի մայթին մի քաղաքացի փորձում էր արդարացնել Փակ շուկայի վերակառուցումը՝ պնդելով, որ շուկայի տարածքը բարեկարգվել է, մաքրվել։

Այսօրվա ակցիայի մասնակից ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պատմեց, որ իրենց ձեռքի տակ է հայտնվել Փակ շուկայի նկուղային հարկի վերակառուցման շինարարական աշխատանքների մի տեսագրություն, որտեղ ինչպես ճարտարապետն ասաց, կասկածելի երևույթներ են նկատել: Վտանգվա՞ծ չէ արդյոք շենքի սեյսմակայնությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանումներ են խնդրել, պատմեց Քալաշյանը։

«Պատասխան ստացանք՝ որպեսզի իրենք այդ հարցին պատասխանեն, պետք է նախագիծ ունենան ձեռքի տակ։ Եթե մենք ունենային նախագիծը, կուղարկեինք։ Խնդիրը հիմքերի հետ է կապված, տեսագրության մեջ հիմքերն էին քանդուքարափ արված, և որոնց ամրանցման վերաբերյալ որևէ մեկը տեղեկություն չունի»,- ասաց ճարտարապետը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից նույնատիպ պատասխան էր ստացվել նաև Փակ շուկայում հակահրդեհային անվտանգության կանոնների մասով:

Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը ասում է՝ նշանակություն չունի, որ տարին ավարտվում է և, որ իրենք շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, մինչև իրացվի օրենքը, Փակ շուկան վերականգնվի, իսկ մեղավորները պատժվեն: Ի դեպ, ի տարբերություն նախորդ ակցիաների, այս անգամ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները դուրս չէին եկել սատարելու իրենց հովանավորին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG