Մատչելիության հղումներ

Վարչապետն արձագանքել է երկրորդ նախագահի քննադատությանը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր պատասխանել է Հայաստանի երկրորդ նախագահի՝ իր հասցեին հնչեցրած խիստ քննադատությանը՝ խոստանալով առանձին վերլուծությումբ անդրադառնալ դրան։

Ռոբերտ Քոչարյանը, իր ոչ պաշտոնական կայքէջում հրապարակված հարցազրույցում անդրադառնալով շինարարության ծավալների անկմանը, ներկայացրել էր անկման առնչությամբ իր բացատրությունը և ասել.- «Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»։

Ի պատասխան այս հարցազրույցի՝ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրել, որում շնորհավորել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ ասելով, որ դրանք մեծ խորհուրդ են պարունակում.- «Այն է, որ նոր տարի մենք պետք է մուտք գործենք վերանորոգված, ներելով և ներողամտություն հայցելով, հղելով միմյանց բարի մաղթանքներ և սեր: Օգտվելով առիթից ցանկանում եմ մաղթել պարոն Քոչարյանին անսահման բարություն, կամեցողություն, հանդուրժողականություն և սեր»:

«Որպես վարչապետ պաշտոնավարման ժամանակահատվածում ես երկու անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու պարոն Քոչարյանի հարցադրումներին: Առաջին անգամ, երբ իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ: Երկրորդ անգամ համաձայնվել եմ նրա քննադատության հետ և նշել, որ այսօրվա իշխանությունն է եղել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը և հենարանը: Կարող եմ նաև ավելացնել, որ Սերժ Սարգսյանի ջանքերով բյուրեղացած մեր թիմը պատասխանատվություն է զգում նաև երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին արածի և չարածի համար»,- նշել է վարչապետը։

«Չափազանց ուրախ եմ, որ իմ համեստ անձի տարեվերջյան՝ շուրջ չորս ժամ տևած մամուլի ասուլիսը արժանացել է պարոն Քոչարյանի ուշադրությանը: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ շատ ավելի կարևոր իրադարձություններ կարող էին արժանանալ նրա ուշադրությանն ու գնահատականներին, օրինակ՝ նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը (որի հիմքերն ի դեպ դրվել են հենց պարոն Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում) և այլն:

Համաձայն եմ պարոն Քոչարյանի այն դիտարկման հետ, որ հաստիքային և արտահաստիքային մոսկաները, որոնց համար առանձնապես առիթ պետք չէ մեզ քննադատելու համար, այս օրերին կակտիվանան, քանի որ խոսքի ազատությունը մեր երկրում վերջին հինգ տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում: Ինչ վերաբերում է մասնագիտական գնահատականներին՝ այդ թվում հիփոթեքի ծավալներին և շինարարության ոլորտին, ապա դրանց ևս մեկ անգամ կանդրադառնամ առանձին վերլուծությամբ»,- գրել է վարչապետ Սարգսյանը։

Նա իր գրառումն ավարտել է հայտնի ասացվածքով՝ նշելով, որ այն այսօր չափազանց անհրաժեշտ է «հասարակությանը և յուրաքանչյուրին և այն կարելի է օգտագործել որպես բարոյականության չափման գործիք»,- «Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին, այլ դատիր մարդու մասին նրանով, թե ինչ է նա խոսում այլոց մասին»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG