Մատչելիության հղումներ

Հայաստանը «պատրաստ չէ անցնել» նոր կենսաթոշակային համակարգին


Հայաստանը պատրաստ չէ անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱՄՆ-ի Վենտուրա քոլեջի պրոֆեսոր, տնտեսագետ, կուտակային կենսաթոշակային համակարգի փորձագետ Արա Խանջյանը:

Ըստ նրա՝ համակարգը արդյունավետ կլինի եթե ֆինանսական շուկաները կարգավորված լինեն և հասարակությունը իրազեկված լինի, ինչն այսօր Հայաստանում չկա:

«Նույնիսկ զարգացած երկրներում, որտեղ ֆինանսական շուկաները կայացած են, պարտատոմսերի շուկան կայացած է, ուր ժողովուրդը նաև որոշ իրազեկում ունի, նույնիսկ այնտեղ 100 տոկոս պարտադիր կուտակային համակարգը չի գործադրվում։ Շատ քիչ երկրներում է այս ծայրահեղ համակարգը գործադրվում, ինչպես Չիլիում, Ղազախստանում, Սալվադորում և Մեքսիկայում։ Հայաստանի որոշածը մի ծայրահեղ համակարգ է, այդ իմաստով շատ ավելի մտահոգիչ է, շատ ավելի դժվար է բացատրել ներգրավվելու անհրաժեշտությունը»,- ասաց փորձագետը։

Պարտադիր կուտակային համակարգը շատ ավելի մեծ պատասխանատվություն է դնում քաղաքացու վրա, ու թեպետ Հայաստանը սոցիալական երկիր է, որտեղ պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացու բարեկեցիկ ծերությունը, ինչն այսօր փաստացի չի արվում, այս նոր օրենքով քաղաքացին, ժողովրդական լեզվով ասած, պետք է իր գլխի ճարը տեսնի: Պարտադիր կուտակայինի դեպքում, ըստ փորձագետի, չկա համերաշխություն ոչ սերունդների միջև, ոչ էլ նույն սերնդի միջև: Բերելով ԱՄՆ-ի օրինակը՝ Խանջյանն ասաց, որ այս երկրում այդ երկու հարցն էլ լուծվել է համակարգի ճիշտ ընտրության շնորհիվ: Ըստ փորձագետի՝ պարտադիր կուտակային համակարգի անցնելով ստվերը Հայաստանում կավելանա:

«Պետությունը հոգ տանողի վիճակը չի ունենա։ Շատ կարևոր է, որ ժողովուրդը համոզվի թոշակի համակարգի արդար լինելու մեջ և ընկալի դա։ Եթե ժողովուրդը չի ընկալում, որդեգրում համակարգը, ժողովուրդը ձևեր կգտնի, որպեսզի խուսափի։ Աշխատավորը կարող է իր գործատուին համոզել, որ նման գումար չվճարի, մի մասը կանխիկ վճարի։ Այն մարդը, ով նոր գործի է դիմում, կարող է գործատիրոջը համոզի, որ իրեն կանխիկ վճարի, և ոչ թե օրինական ձևով։ Այսպես կմեծանա ստվերային տնտեսությունը»,- ասաց Խանջյանը։

Մասնագետն առաջարկում է պայմանական կուտակային համակարգի մոդելը, ինչն ավելի հարմար կլիներ Հայաստանին և ինչը կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Տրամաբանությունը հետևյալն է՝ հավաքագրված գումարների պատասխանատուն պետություն է, որն էլ դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ, ստեղծում աշխատատեղեր և մեծացնում հարկ վճարողների թիվը: Այս համակարգը, համենայն դեպս, պետությանը զերծ է պահում ֆինանսական ոլորտի ռիսկերից:

Խանջյանը ուսումնասիրել է այն երկրների փորձը, որոնք պարտադիր կուտակային համակարգի, այսպես ասած, զոհը դարձան 2008 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ: Այդ երկրներից էին Հունգարիան, Արգենտիան, Բոլիվիան, Լեհաստանը. որոշ երկներ առհասարակ հրաժարվեցին այդ համակարգից, մնացածը պակասեցրին պարտադիր գանձվող գումարի տոկոսադրույքը:

«Որոշ չափով զարմանալի է, դժվար է բացատրել, որ Հայաստանի պես երկիրը, որտեղ տակավին ֆինանսական շուկաները չեն հաստատվել, ժողովուրդը իրազեկված չէ, հարյուր տոկոսով ներդրվի պարտադիր կուտակային համակարգը։ Որպեսզի Հայաստանում ֆինանսական շուկաներ ստեղծվեն, պետք է դրամ լինի։ Դա լուծելու համար են պարտադիր կուտակային համակարգը որդեգրել»,- կարծում է փորձագետը։

Այդուհանդերձ, Խանջյանը վստահեցնում է, որ քանի դեռ լուծված չէ վստահության հարցը, քանի դեռ մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ հնարավոր ռիսկեր է ենթադրում համակարգը, հաջողության մասին խոսելն անիմաստ է:
XS
SM
MD
LG