Մատչելիության հղումներ

Երկրորդ նախագահը քննադատում է վարչապետին


Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան, արխիվ

Ռոբերտ Քոչարյան և Տիգրան Սարգսյան, արխիվ

«Թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար», - հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը: ԼՐԱՑՎԱԾ

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ոչ պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հարցազրույցում խստորեն քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Վարչապետը, հիշեցնենք, օրերս տված մամլո ասուլիսին նկատել էր, որ մինչև ճգնաժամը տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը լինելով, հենց շինարարության ոլորտն էլ ավելի ուշ նկատելի անկում էր արձանագրել և հանդիսացել ճգնաժամի էական պատճառներից մեկը:

«Շինարարության փուչիկը, որ փչվեց և պայթեց, առաջացրեց բացասական երևույթ»,- ասել էր վարչապետը՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը:

Հարցին՝ վարչապետի անցած շաբաթավերջին տված ասուլիսի ժամանակ հնչե՞լ են արդյոք այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են իր ուշադրությունը, երկրորդ նախագահը արձագանքել է․ - «Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը գրավեց վարչապետի տված պատասխանը լրագրողի հարցին՝ հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին: Քանի որ վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ (ինչպես և այդ մամլո ասուլիսում հնչած շատ այլ բացատրություններ), ես կփորձեմ ինքս պատասխանել այդ հարցին»:

Ապա Քոչարյանը թվարկել է հինգ տարիներին շինարարության ծավալների անընդմեջ և անշեղ անկման պատճառների երեք խումբ․

«1. Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ, հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձևավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի և գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո»:

«2. Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել: Պարզապես համեմատեք 2004-2007 թվականների և այսօրվա պայմանները, և կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի «հիփոթեքից»: Եվ սրանում բանկերը մեղք չունեն: Նրանք այդպես են արձագանքում տնտեսության ընդհանուր իրավիճակին և գրավադրված անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությանը: Հավելեք այս ամենին նաև աղքատ բնակչության էական աճը, մարդկանց, ովքեր երազել անգամ չեն կարող բնակարան ձեռք բերելու, էլ չասենք՝ հիփոթեքից օգտվելու շանսերի մասին»:

«3. Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում: Հեռանալուն հակված մարդը երբեք անշարժ գույք ձեռք չի բերում այն երկրում կամ քաղաքում, որն ուզում է լքել: Նույնը վերաբերում է նաև նոր բիզնես ձեռնարկելուն»:

«Ահա սրանք են շինարարության ծավալների կայուն անկման հիմնական պատճառները: Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ «շնորհալիների» համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ՝ ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել», - հայտարարել է նախկին նախագահը:

«Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Առաջին արձագանքները


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ, արտագաղթը, անշուշտ, անմիջականորեն ազդել է անշարժ գույքի շուկայի վրա՝ առաջացնելով առաջարկի ավելցուկ, ինչն էլ բացասական է ազդել շինարարության ոլորտի վրա: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խաչատրյանը նկատեց, որ արտագաղթը Սերժ Սարգսյանի օրոք անհամեմատելի մեծ ծավալների հասավ՝ շեշտելով այդ էֆեկտը:

Այդուհանդերձ, ՀԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ շինարարության ոլորտը Քոչարյանի օրոք իսկապես ուռճացված էր, և ապահովված չէին այսպես կոչված «վայրէջքի բարձիկները», որոնք ճգնաժամային իրավիճակներում կմեղմեին անկման տեմպերը: Դրանք չապահովվեցին նաև Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, ընդգծեց տնտեսագետը:

«Դա այլ քաղաքականություն է եղել՝ քաղաքականություն, որ կարող էր ինչ-որ ժամանակավոր օգտակար լինել, բայց երկարաժամկետ առումով այսպես պրոբլեմներ պիտի առաջացներ», - ասաց Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Այսինքն, երբ դուք նման քաղաքականություն եք վարում, դուք նաև պետք է փափուկ վայրէջքի բարձիկներ ապահովեք՝ այդպես էլի կա տնտեսագիտության մեջ, որպեսզի ճգնաժամի դեպքում այդ ազդեցությունը շատ բացասական չլինի: Բայց մեր մոտ չկար այդ բարձիկները»:

Վահագն Խաչատրյանը նաև ընդգծեց, որ տնտեսական քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն ոչ թե վարչապետն է, այլ՝ նախագահը:

«Այսօրվա Հայաստանում, այսօրվա գործող համակարգի դեպքում համար մեկ և միակ պատասխանատուն երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն է: Այստեղ այլ մեղավորներ փնտրել, եթե մեղավորներ կան, իմաստ չունի, դա սխալ ընդհանրապես քաղաքականություն է, որով նաև մոլորեցնում են մեր քաղաքացիներին», - ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը համարում է, որ այն, ինչի համար Քոչարյանը քննադատում է վարչապետին, մեծ չափով բնորոշ էր նաև հենց իր՝ Քոչարյանի իշխանավարման տարիներին, հատկապես հաշվի առնելով, որ Տիգրան Սարգսյանը այդ ժամանակներում հանդիսացել է Քոչարյանի տնտեսական թիմի ամենաէական դերակատարներից մեկը:

«Նախկինում էլ չափազանց վատ եմ վերաբերվել տնտեսության կառավարման այն քաղաքականությանը, որը տնտեսության լոկոմոտիվ, առաջատար ճյուղ է հռչակել կապիտալ շինարարությունը: Եվ ակնհայտ էր, որ 2008 թվականին սկսված գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը առաջին հերթին հարվածեց հենց այդ ոլորտին, և քանի որ այն լոկոմոտիվն էր, ակնհայտորեն այն նաև ոչնչացրեց կամ լրջագույն հարված հասցրեց նաև մնացած ճյուղերին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սաֆարյանը:

Իսկ թե ինչու է Քոչարյանը քննադատում ոչ թե անմիջականորեն նախագահ Սերժ Սարգսյանին, այլ վարչապետին, դա, «Ժառանգության» ներկայացուցչի խոսքով, բացատրվում է Քոչարյանի և նախագահ Սարգսյանի քողարկված փոխհրաձգություններով, ինչին մասնակից է դարձել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Իրականում, ես կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանին առավելապես մտահոգել է այն, որ Տիգրան Սարգսյանն իր ասուլիսով և նաև դրա ընթացքում կատարած հայտարարություններով ավելի շատ հասկացրել է, որ ինքը չի պատրաստվում զիջել վարչապետի պաշտոնը, կառավարության փոփոխություն չի լինելու, իսկ դա նշանակում է, որ դա, ըստ էության, ոչ թե Տիգրան Սարգսյանն է ասում, այլ Սերժ Սարգսյանն է ասում», - շեշտեց Ստեփան Սաֆարյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG