Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը «իր անձնական որոշում է եղել»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ազատության»-ն այսօր փոխանցեց, որ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը պատգամավորի անձնական որոշում է եղել:

Նշենք, որ այսօր Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին:

«Թևան Պողոսյանը ապագա ունեցող քաղաքական գործիչ է, այդ որոշումը գտնվում է իր անձնական տիրույթում, իր հետ աշխատելը արդյունավետ էր: Այլ մեկնաբանություններ չունեմ», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

Իր էջում պատգամավորը գրել է, որ որոշումը վաղուց էր կայացրել, պարզապես սպասում էր քաղաքական տարվա ավարտին՝« թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար»:

«Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ «Ժառանգության» գործընկերներին, պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու եմ իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում», - գրել է Պողոսյանը:

Նշենք, որ Թևան Պողոսյանը նաև ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ է, որը դեկտեմբերի 26-ին գումարված արտահերթ նիստում անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած գազային համաձայնագրերի քվեարկության արդյունքները:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Պողոսյանի հրաժարականն ընդունվելուց հետո «Ժառանգություն»-ը պարզապես նոր անդամ կունենա հանձնաժողովում և հավելեց, որ գործընկերոջ այս հայտարարությունը առայժմ օրենքի ուժ չի ստացել․ - « 2014 թվականի փետրվարի 3-ին՝ ԱԺ առաջին նիստի ժամանակ, նիստը վարողը պետք է հայտարարի դիմումի մասին, եւ եթե այն 15 օրվա մեջ հետ չվերցվի, նոր կմտնի ուժի մեջ»:

Նշենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն»֊ը և «Ազատ դեմոկրատներ»֊ը մասնակցեցին միասնական ցուցակով: Այդ ցուցակում Թևան Պողոսյանին հաջորդում են նախկինում բարձրաստիճան ոստիկան Մասիս Այվազյանը («Ազատ դեմոկրատներ») և «Բարև Երևան» դաշինքից Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը:

Այսինքն, եթե Թևան Պողոսյանի դիմումը հաստատվի, ըստ ցուցակի, պատգամավորական մանդատը պետք է վերցնի Մասիս Այվազյանը:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատության»֊ը փոխանցեց, որ առայժմ ոչ մի կերպ Պողոսյանի այս քայլը չեն մեկնաբանում: Իր հերթին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է, որ գործելու են օրենքի տրամաբանությամբ:
XS
SM
MD
LG