Մատչելիության հղումներ

Սեդրակյանը սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը


Նախագահի նախկին թեկնածու, 14 տարվա ազատազրկվան դատապարտված Վարդան Սեդրակյանը բանտում «գիրք է կարդում և սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը»:

Մի քանի օր առաջ, հիշեցնենք, Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նախորդ երկու դատական ատյաների վճիռը բողոքարկելու նպատակով դիմել է Վճռաբեկ դատարան:

«Ազատության» հետ զրույցում Սեդրակյանի կինը՝ Ռուզաննան փոխանցեց, որ սպասելիքներ այս դատարանից նույնպես չունեն․ ցանկանում են արագ ավարտել Հայաստանի դատական բոլոր ատյանների հետ անհրաժեշտ գործընթացները և դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նա հավելեց, որ իր ամուսինը մեծ հույսեր է կապում Եվրադատարանի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ երկու դատական ատյանների վճիռներից դժգոհ էր նաև գործով տուժող Պարույր Հայրիկյանը․ նա մի բազմիցս հայտարարել է, որ իրեն չի հուզում այն հարցը, թե քանի տարի քրեակատարողական հիմնարկում կանցկացնեն դատապարտյալները: Հայրիկյանը քաղհայցով պահանջել էր փոխհատուցել նյութական վնասը և ամբաստանյալներից բռնագանձել 43 մլն դրամ:

Սեդրակյանի կինն ասաց, որ նախ այդ գումարը իրենք չունեն և այդ մասին առհասարակ չի էլ մտածում․ - «Մեր ամբողջ ունեցվածքը կալանքի տակ է: Ես աշխատում եմ, տղաս աշխատում է, մենք մեր կենցաղային հարցերն ենք լուծում: Ավելի մենք ոչինչ անել չենք կարող»:

Տիկին Ռուզաննան սպասում է, որ Եվրոպական դատարանում գործն ի օգուտ իրենց կլինի: Հիասթափված է ու արդեն չի էլ պատկերացնում իր կյանքը Հայաստանում․ - «Ես հիմա պատրաստ եմ գնալ Հայաստանից: Ես չգիտեմ, թե Վարդանը ոնց դրան կվերաբերի․ չեն կարծում, որ Վարդանը կուզենա դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից»:

Վճռաբեկ դատարանը գործը կքննի արդեն հաջորդ տարի:
XS
SM
MD
LG