Մատչելիության հղումներ

Գյումրիի բնակչությունը մեկ տարում նվազել է 23 հազարով


Գյումրիի բնակչությունը մեկ տարում նվազել է 23 հազարով
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00
Գյումրիի ավագանու այսօրվա նիստում, որտեղ հաստատվեց քաղաքի հաջորդ տարվա բյուջեն, հրապարակվեեց, որ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի բնակչությունն անցած տարվա ընթացքում նվազել է 23 հազարով:

Ներկայացնելով 2014 թվականի բյուջեի նախագիծը` Գյումրիի քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Լենա Ջիլավյանը ասաց. - «Անցյալ տարվա համեմատ դոտացիան նախատեսեցինք պակաս… Պակասեց պաշտոնապես վիճակագրական վարչության Երևան ներկայացված թվաքանակից, որ Գյումրի քաղաքում 2013 թվականին արտագաղթել է 23 հազար հոգի, և այդ իսկ պատճառով դոտացիաների գումարը պակաս հատկացրին»:

Սա կազմում է Գյումրիի բնակչության պաշտոնական թվի մոտ 20 տոկոսը: 2011 թվականի մարդահամարի տվյալներով, քաղաքում ապրում էր մոտ 123 հազար մարդ: Ոչ պաշտոնական թվերը տատանվում են 60-65 հազարի սահմաններում:

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանի հաշվարկներով` Գյումրիում այսօր ապրում է մոտ 70 հազար մարդ. - «Դպրոցներում սովորող աշակերտների թիվը 14 հազար է պաշտոնապես: Վերցնում ես նաև զբաղվածների թիվ, գործազուրկների թիվ… նաև էլեկտրաէներգիա սպառողների թիվն է նվազել»:

Նրա խոսքով` եթե արտագաղթն այս տեմպերով շարունակվի, ապա 2015 թվականից հետո Գյումրին ժողովրդագրական առումով կհամարվի «մահացող քաղաք». - «Նման տիպի քաղաքային բնակավայրերն անվանում են մահացող քաղաքներ: Որովհետև եթե բնակչության տեսակարար կշռի 20 տոկոսից ավելին 65 և բարձր տարիքի բնակչությունն է, ապա ստացվում է, որ տվյալ քաղաքը խորը ծերացման փուլում է: Եթե դրան ավելացնենք, որ ավելի շատ արտագաղթում է վերարտադրող տարիքի բնակչությունը, ինչը բերում է ծնունդների նվազման, քաղաքը հայտնվել է ժողովրդագրական աղետի առջև»:

Հարցին, թե ինչու իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկում արտագաղթը կանխելու կամ առնվազն նվազեցնելու ուղղությամբ, Բոյաջյանը պատասխանեց. - «Իրենց առջև խնդիրը ուրիշ է դրված: Իրենց առջև խնդիրը դրված է իշխանությունը պահպանել: Եվ վարչապետն էլ հայտնել է, որ իշխանությունը պահպանելու ձևերից մեկն էլ` ապահովել արտագաղթը, որպեսզի սոցիալական բունտ չլինի: Այդ բանաձևումը իրենք տվել են և հստակ իրականացնում են»:

Կրճատված դոտացիան կառավարությունը Գյումրիի քաղաքապետարանին փոխհատուցել է մեկ այլ հատկացմամբ, բայց եթե այս մեթոդով շարունակվի դոտացիայի տրամադրումը, ապա հատկապես քաղաքային համայնքները, ըստ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի, լուրջ խնդիրներ կունենան:

«Եթե բնակչության թվաքանակով լինի, մյուս տարի ավելի շատ կիջնի գումարը ոչ միայն մեր քաղաքի հետ կապված, այլ բոլոր բնակավայրերի հետ կապված: Գյուղական համայնքները կշահեն, բայց քաղաքի համայնքները կտուժեն: Չի կարող այդպես լինել: Նոր մեխանիզմ են դնելու, ես էլ եմ առաջարկել», - հավելեց քաղաքապետը:

Ավագանու նիստում հաստատվեց գալիք տարվա տեղական բյուջեն. 3 միլիարդ 173 միլիոն 233 հազար դրամ, ինչը մոտ 100 միլիոն դրամով ավելի է, քան նախորդ տարվանը:
XS
SM
MD
LG