Մատչելիության հղումներ

10 տարում Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6.2 միլիարդ դոլար․ զեկույց


Global Financial Integrity հետազոտական կենտրոնի ներկայացմամբ, տասը տարվա ընթացքում Հայաստանից ապօրինի եղանակով դուրս է բերվել ավելի քան 6.2 միլիարդ դոլար:

«Ապօրինի ֆինանսական հոսքերը զարգացող երկրներից․ 2002-2011» վերնագրված զեկույցը, որն օրերս է հրապարակվել, չորրորդն է Վաշինգտոնում գործող հեղինակավոր կենտրոնի նմանատիպ զեկույցների շարքում:

Համեմատության համար նշենք, որ ըստ զեկույցի 2002-2011թթ․ ընթացքում Վրաստանից դուրս է հանվել 4.5 միլիարդ դոլար (թեև Վրաստանի տնտեսությունը ավելի մեծ է հայաստանյանից): Ադրբեջանից հանվել է ավելի քան 17 միլիարդ դոլար, մոտ 2.7 անգամ շատ Հայաստանից, սակայն Ադրբեջանի տնտեսության ծավալները որոշ հաշվարկներով մոտ 7 անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությունը:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով, այդ 6.2 միլիարդ դոլարը նախևառաջ այն գումարներն են, որոնք Հայաստանում՝ իշխանության բարձր ներկայացուցիչների հովանավորությամբ և ստվերային ճանապարհով, ձեռք են բերել օլիգարխները, պաշտոնյաները: Հարկեր, բնականաբար, չեն մուծել և այդ գումարների մի մասն էլ ապահովության համար հանել են երկրից:

Global Financial Integrity հետազոտական կենտրոն

Հեղինակավոր Global Financial Integrity հետազոտական կենտրոնը գործում է Վաշինգտոնում:

Կենտրոնի ղեկավար մարմիններում են բավականին ազդեցիկ մարդիկ՝ միջազգային տնտեսությունը, քաղաքականությունը ներկայացնող: Կենտրոնում է նաև տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլան՝ Համաշխարհային բանկի նախկին գործադիր տնօրենը, ով 2009-ի հոկտեմբերին Երևանում կայացած ասուլիսին հրապարակավ դիմեց Հայաստանի իշխանություններին՝ եթե ցանկանում եք զարգացնել երկրի տնտեսությունը, ազատավեք օլիգարխիկ համակարգից:
«Սակայն ուշադրություն դարձրեք՝ Հայաստանում իշխանությունները անգամ օլիգարխների համար չեն ստեղծել տնտեսական նպաստավոր պայմաններ, և այդ մարդիկ փոխանակ ներդրումներ կատարեն այստեղ, գումարները հանում են երկրից, իսկ մենք բարձր տոկոսադրույքներով վարկեր ենք վերցնում արտերկրից՝ տնտեսությունը զարգացնելու համար, կամ էժան գներով վաճառում ենք ռազմավարական նշանակության ունեցվածքը»,- ընդգծեց Խաչատրյանը, - «Դա կապված է նաև քաղաքական այսօրվա իրավիճակի և ընդհանրապես քաղաքական համակարգի հետ, որովհետև մարդիկ վստահ չեն՝ վաղը իրենք կարո՞ղ են այդ գումարներին տիրապետել, թե ոչ»:

Ուշագրավ է, որ ըստ զեկույցի, ֆինանսական ապօրինի արտահոսքը Հայաստանից կտրուկ ավելացել է 2007թ․-ից և մինչև 2011թ․-ի մեր երկրից տարեկան ապօրինի կերպով դուրս է հանվել մոտ 1 միլիարդ դոլար: Այս կապակցությամբ Վահագն Խաչատրյանը ասաց․ - «Հիշեք, թե իշխանությունները ինչպես վերարտադրվեցին 2008-ին՝ ցնցումների ու մարդկային զոհերի գնով: Ներդրումները միշտ կարիք ունեն կայունության՝ քաղաքական և տնտեսական»:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի ներկայացմամբ, ֆինանսական ապօրինի հոսքերը շատ են այն երկրներում, որտեղ կա քաղաքական կոռուպցիա, որտեղ իշխանությունները ընտրությունների միջոցով չեն փոխվում: Լավագույնը օրինակը մեր պարագայում Վրաստանն է, որտեղից ոչ օրինական ֆինանսական հոսքերը ավելի քիչ են, քան Հայաստանից:

«Վրաստանը պայմանավորված է շատ պարզ բանով՝ այդ երկիրը վերջին տասնամյակում մեծ առաջընթաց է ապրել: Եվ երկրորդը, որ ֆինանսական կապերը Ռուսաստանի հետ շատ ավելի թույլ են: Ռուսաստանը միշտ աչքի է ընկել, այս վերջին 20 տարիների ընթացքում, ստվերային շրջանառության բարձր ծավալներով, և մասնավորապես կապիտալի փոխուստով, իսկ այդ փախնելուց էլ մի մասը, փոքր մասը իհարկե, գալիս է Հայաստանով է դուրս գալիս», - մեկնաբանեց Բագրատ Ասատրյանը:

Արձագանքի համար դիմեցինք նաև Կենտրոնական բանկ, Ֆինանսների նախարարություն և Պետեկամուտների կոմիտե: Բոլոր տեղերից էլ խոստացան ուսումնասիրել զեկույցը և արձագանքել ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG