Մատչելիության հղումներ

logo-print
Զարուհի Փոստանջյանն այսօր Ամանորի շնորհավորական բացիկներ ուղարկեց այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր, ըստ ընդդիմադիր պատգամավորի, 2013-ին բացասական դերակատարություն են ունեցել մեր կյանքում ու վնաս են հասցրել ժողովրդին:

Փոստանջյանը իր ուղերձները փոխանցեց Մադրիդի Պրադոյի թանգարանից գնած բացիկների միջոցով, որոնց դիմերեսին հանրահայտ կտավներն են: Վարչապետ Տիգրան Սարգսյանն, օրինակ, կստանա Ֆրանսիսկո Սուրբարանի «Աստծո գառը» կտավը պատկերող բացիկը:

«Սա գառնուկ է՝ ոտքերը կապած: Թող ինքը մտածի, դուք էլ կարող եք մեկնաբանել, թե սա ինչ խորհուրդ ունի: Եվ ուղղակի պետք է գրեմ ներսի մասում, որ շնորհավորում եմ Նոր տարին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ուղարկեց Գաբրիել Մետսյուի «Մեռած աքաղաղը» նկարի բացիկը:

«Ազգային ժողովի նախագահի համար, կարծում եմ, սա ամենահարմարն է: Աքլոր է, որի ոտքերը բռնել են, կախել են: Ինքը նույնպես պետք է մտածի, որ այն, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մեր հասարակությունում, կարող է նաև այսպիսի անդրադարձ ունենալ յուրաքանչյուրի համար»,- ասաց Փոստանջյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ու Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանի համար Զարուհի Փոստանջյանը պատրաստել էր դեռ դպրոցական տարիքից իր սիրելի կտավներից մեկը: Տասնհիգներորդ դարի հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի «Տկարամտության բուժումը» անվանումով պատկերն էր բացիկների դիմերեսին:

«Այդ ժամանակահատվածում մարդկանց փորձում էին համոզել, որ «դուք չեք հասկանում, դուք հիմար եք, ձեր գլխում հիմարության քարեր կան, և այդ քարերը պետք է վիրահատել և հանել»: Այդ քարերը վիրահատողներն ու հանողները պարզապես խաբեբաներ էին, շառլատաններ: Հիմա նույնպես մեր այսօրվա գործող, իշխանությունը բռնազավթած անձինք մեզ ասում են, որ «դուք չեք հասկանում, դուք հիմար եք, դուք չգիտեք՝ որն է մեր պետական շահը, որ ինչից մենք ինչ օգուտներ կարող ենք ունենալ»: Օրինակ, Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում հայտարարեց՝ դուք դեռ չեք իմանում, թե Մաքսային միությունից մենք ինչպիսի օգուտներ պետք է քաղենք, բայց մինչ այդ կար մի տարբերակ՝ այլ միության հետ համագործակցելու»,- ասաց նա:

Տարին պատգամավորի համար ավարտվեց աղմկահարույց միջադեպով. գազային համաձայնագրերի վավերացումը կանխելու համար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր իշխանական պատգամավորների քվեարկության քարտերը: Տեղեկությանը, թե հանրապետականները մտադիր են իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնել, Փոստանջյանն արձագանքում է.- «Ես իրենց կողմից նման փորձերի վախեր չունեմ, եթե ցանկություն և նման համարձակություն ունեն, թող փորձեն։ Մինչդեռ այս բացիկները հենց այնպես չեն ուղարկում»։

Խորհրդարանական յոթ տարվա գործունեության մեջ ընդդիմադիր պատգամավորը աննախադեպ է որակում ոչ իշխանական ուժերի այս միասնականությունը գազային փաստաթղթերի շուրջ, ասում է՝ սա իշխանությունների համար խնդիրներ է հարուցել.- «Բայց այս միասնականությունը, ես կարծում եմ, պետք է տեղափոխվի հրապարակներ»։

Միաժամանակ Զարուհի Փոստանջյանը չի ողջունում ընդդիմադիրների մտադրությունը՝ քվեարկությունը անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմել։

«Եթե խնդիր ունեն, ապա իրենք պետք է դիմեն Սահմանադրական դատարան, պարոն Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը կամ վարչապետը»,- ասաց նա։

Պատգամավորը Ստրասբուրգից հրավեր ստացել է, և չնայած Հովիկ Աբրահամյանի որոշմանը իրեն դուրս թողնել պատվիրակությունից, Զարուհի Փոստանջյանը տեղի չի տալու: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը անդրադարձավ նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության աղմկահարուց պաշտպանությանը։

«Մենք ունենք մի փոքր խմբակ, որը դասալիք է, աշխատանքի չի գալիս, ես նկատի ունեմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր տապալեցին, չկարողացան Սերժ Սարգսյանի կարգադրությունը իրականացրել Ազգային ժողովում։ Դրա երիտասարդ տեսակը երեկ գտնվում էր Տնտեսագիտական համալսարանում»,- ասաց պատգամավորը։

Փոստանջյանը այստեղ հանցակազմ է տեսնում՝ լրագրողի աշխատանքն է խոչընդոտվել, ընդ որում հանցակից է նաև Տնտեսագիտականի ռեկտորը։ Պատգամավորը սպասում է օմբուդսմենի արձագանքին, գլխավոր դատախազին հորդորում նախաձեռնել գործի քննությունը։

Զարուհի Փոստանջյանը ժամանակին նամակ էր հղել Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին և Տիգրան Սարգսյանին՝ կոչ անելով վայր դնել պաշտոնական լիազորությունները և գիտական գործունեությամբ զբաղվել, քանի որ ղեկավարում են բուհական խորհուրդները.- «Հիմա նույնը երևի վերաբերվելու է Տարոնին, ճիշտ կլինի զբաղվի գիտությամբ, թե չէ գիտությունը կտուժի»։

Չորս դուստրերի մոր համար 2014 թվականի գլխավոր՝ որդի ունենալու մտադրությունը անվերապահորեն ուժի մեջ է։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG