Մատչելիության հղումներ

logo-print

Ռուբեն Բաբայան. «Ես ուզում եմ լինել իմ երկրի տերը»


Ռուբեն Բաբայանը (ձ) և Արտեմ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Ռուբեն Բաբայանը (ձ) և Արտեմ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Ավարտին մոտեցող 2013 թվականն ամփոփելով` մտավորականները բարձրաձայնում են իրենց մտահոգությունները, նվիրական ցանկությունները:

«Ես ուզում եմ լինել իմ երկրի տերը», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` շարունակելով. - «Ես ուզում եմ պատասխան տալ այն ամեն ինչի համար, ինչ կատարվում է իմ երկրում: Ես ուզում եմ որոշումների բեռը ինքս էլ կրել»:

Նրա համոզմամբ` չեն արտագաղթում միայն նրանք, ովքեր իրենց զգում են երկրի տերը. - «Եթե ես տերը չեմ, ես կգնամ այնտեղ, որտեղ ես էլի տերը չեմ, բայց որտեղ ավելի հարմար է: Ես պատրաստ եմ գնալ որոշակի զրկանքների բոլորի հետ միասին: Պատերազմական տարիներին ես ավելի լավատես էի: Ես ավելի վատ էի ապրում սոցիալապես, բայց ես գիտեի հանուն ինչի եմ գնում այդ զրկանքներին, ես գիտեի, որ ռազմաճակատում մարդիկ զոհաբերում են իրենց կյանքը, և ինձնից շատ ավելի քիչ բան է պահանջվում, որպեսզի այդ հաղթանակը ապահովվի: Ես հիմա ինձ չեմ զգում մեր երկրի տերը, երբ այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում, կատարվում է ինձնից դուրս: Ահավոր վիճակ է: Եկեք նայենք միասին, տեսնենք ինչպե՞ս ենք դուրս գալիս: Եկեք չխաբենք իրար, որ մենք գտնում ենք լավագույն տարբերակները»:

Ավելի լավատես է բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, և մյուսներին էլ լավատեսության կոչ է անում. - «Կյանքը գնում է առաջ: Մենք բոլորս լի ենք նպատակներով: Մենք ապրում ենք, և քանի կաս, պետք է հարատևես և դիմադրես»:

Ինչ վերաբերում է գրականությանը, ապա, ըստ Հարությունյանի, դա պայմանավորված է երկրի տնտեսությամբ, մարդկանց հոգեվիճակով. - «[Ավարտվող տարում] Բաժանումը հարուստի և աղքատի ավելի վիթխարի ճեղք է ստանում, արտագաղթի պայմաններն էլ են սկսում սրվել»:

Այդուհանդերձ, Հարությունյանը գրականության ասպարեզում զարգացում տեսնում է:
XS
SM
MD
LG