Մատչելիության հղումներ

Հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները անվավեր ճանաչեցին վիճահարույց քվեարկության արդյունքները


Լրագրողները պատգամավորներին հորդորում են չվավերցնել գազային համաձայնագրերը: 23-ը դեկտեմբերի, 2013 թ.
Լրագրողները պատգամավորներին հորդորում են չվավերցնել գազային համաձայնագրերը: 23-ը դեկտեմբերի, 2013 թ.
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամները այսօր գումարած նիստում անվավեր ճանաչեցին դեկտեմբերի 23-ի արտահերթ նստաշրջանում տեղի ունեցած գազային համաձայնագրերի քվեարկությունը:

Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) արձանագրեց, որ հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, իսկ նշված օրը ձայների հաշվարկին ներկա են եղել հանձնաժողովի 7 անդամներից միայն 3-ը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովը որոշում է` քվեարկության արդյունքների վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի կողմից ներկայացված և հրապարակված թվերը վավերական չեն», - իրենց ընդունած որոշումը հրապարակեց Մինասյանը:

Գազային վիճահարույց համաձայնագրերի քվեարկությունից առաջ, հիշեցնենք, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական մեծամասնության էլեկտրոնային քարտերը, ուստի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ բաց քվեարկություն անցկացնել, որին չմասնակցեցին ոչ իշխանական ուժերը և որի արդյունքները հաշվարկեց ու հայտարարեց հաշվիչ հանձնաժողովը, որը փոքրամասնությամբ էր գործում:

Հանձնաժողովում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանն այսօրվա նիստում ընտրվեց դրա նախագահ, իսկ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները պաշտոնանկ արեցին:

«Քանի որ Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր լիազորությունները, և, հաշվիչ հանձնաժողովի կարծիքը և ընդհանրապես դրա իրավունքները ոտնահարելով, նա իրավունք չունի այսուհետ շարունակելու հաշվիչ հանձնաժողովի նախագահ լինել», - նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Այսօրվա արտահերթ նիստը նախաձեռնողները Սուքիաս Ավետիսյանին տեղյակ էին պահել նիստի անցկացման վայրի մասին: Նա ասել էր, որ նիստ գումարելու անհրաժեշտություն չի տեսնում:

«Ազատության» հարցին, թե տեղյակ է արդյոք, որ իրեն պաշտոնանկ են արել հանձնաժողովի այսօրվա նիստում, Ավետիսյանն արձագանքեց. - «Հանձնաժողովի նիստը իրավական որևիցե հիմնավորում չունի, հատկապես նման օրակարգով: Եթե ուզում են կազմակերպչական հարց լուծել, ինչի՞ համար են լուծում, երբ որ հաշվիչ հանձնաժողովը այլևս աշխատելու խնդիր չունի, որովհետև օրենքով սահմանված կարգով հաշվիչ հանձնաժողովի լիազորությունները դադարում են մինչև հաջորդ նստաշրջանի սկիզբը: Հիմա Ազգային ժողովը արձակուրդում է: Ի՞նչ է հաշվելու այդ հանձնաժողովը, Ձմեռ պապերի՞ն, թե՞ տոնածառերին: Առավել ևս հաշվիչ հանձնաժողովը նման իրավասություն չունի, որ 72 հոգու կողմ քվեարկածը փորձի մի բան էլ պարզաբանել վավեր է, թե ոչ: Դա միայն կարող է անել Սահմանադրական դատարանը: Եթե ուզում են, թող ընդդիմությունը հավաքվի, դիմի Սահմանադրական դատարան»:

Հաջորդ տարի խորհրդարանական ոչ իշխանական ուժերը ոչ միայն դեկտեմբերի 23-ի քվեարկությունների անօրինականությունն են պատրաստվում ՍԴ-ի քննության առարկա դարձնել, այլև վիճահարույց պայմանագրերի բանակցման ու քննարկման գործընթացը:

Հավելենք, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի համար ԱԺ աշխատակազմը հրաժարվել էր դահլիճ տրամադրել, և նիստն անցկացվեց ՀՅԴ խմբակցությունում:
XS
SM
MD
LG