Մատչելիության հղումներ

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով այլ կասկածյալների մասին չի հաղորդվում


Պռոշյանի գյուղապետարանը, արխիվ

Պռոշյանի գյուղապետարանը, արխիվ

Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով միակ կասկածյալը՝ Արայիկ Պետրոսյանը, երեկ ազատ է արձակվել և սպանության գործում, փաստորեն, այլևս կասկածյալ չկա։

Համենայնդեպս, 50-ամյա դաշնակցական Մուրադյանի սպանության գործը քննող մարմինը այլ կասկածյալների մասին չի հաղորդում։

Արայիկ Պետրոսյանի կալանքը վերացնելու որոշումը հաջորդեց գլխավոր դատախազության հաղորդագրությանը այն մասին, որ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որի նպատակը «հանցագործության բացահայտման և հանցագործություն կատարած անձանց պարզելուն ուղղված գործողությունները համակարգելն է»։

Պետրոսյանի փաստաբան Նորիկ Նորիկյանը հույս է հայտնում, որ անցած աշնանը գլխավոր դատախազի պաշտոնում նշանակված Գևորգ Կոստանյանը որոշել է ի վերջո բացահայտել փակուղում հայտնված գործը:

«Փակուղուց դուրս գալու ելքերից մեկը Արայիկ Պետրոսյանին ազատ թողնելն է, քանի որ անմեղ անձին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության մեջ, հանցագործությունը չի բացվում», - հավելեց Նորիկյանը:

Գործը վերահսկող դատախազը Արայիկ Պետրոսյանին ազատ արձակելու որոշման մեջ պատճառաբանում է, թե՝ քննչական մարմինը Պետրոսյանի առնչությունը նախկին գյուղապետի սպանությանը չի հաստատել:

Նախկին գյուղապետի հարազատները ևս այն կարծիքին են, թե գործը փակուղում է հայտնվել, բայց առայժմ զերծ են մնում որևէ մեկնաբանությունից։ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, ավելի վաղ նշել էր, թե իրենք Արայիկ Պետրոսյանին չեն կասկածում։

Արայիկ Պետրոսյանին 8 ամիս անազատության մեջ պահելու միակ փաստարկն այն էր, որ նրա հագուստի վրա ու ավտոմեքենայից հայտնաբերվել էր անտիմոն կոչվող նյութը, որը կարող է կրակոցի արգասիք լինել, թեև հանդիպում է նաև բնության մեջ։ Նրա փաստաբանն ասում է, որ սա բավականին թույլ փաստարկ էր, ինչի ապացույցը նրա ազատ արձակվելն է։
«Սա լավություն չէր, սա արդարություն է: Ճիշտ գնահատեցին այդ ընդհանուր իրավիճակը», - ասում է երեկ ազատ արձակված Արայիկ Պետրոսյանը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Արայիկ Պետրոսյանի ազատ արձակումը պետք է քննարկել դատախազության կողմից երկու օր առաջ տարածված հաղորդագրության համատեքստում՝ նորաստեղծ քննչական-օպերատիվ խմբի մասին է խոսքը։ Այլ գնահատականներ դաշնակցական գործիչը չհնչեցրեց։

Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ կուսակից ընկերոջ սպանության մեջ իրենք քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Դաշնակցական Հրաչ Մուրադյանը, հիշեցնենք, սպանվել էր ապրիլի 2-ի առավոտյան՝ գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել էր աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից:
XS
SM
MD
LG