Մատչելիության հղումներ

Մերձդնեստրում կգործեն ռուսաստանյան օրենքները


Վլադիմիր Լենինի արձանը Մերձդնեստրի Գերագույն խորհրդի շենքի մոտ, Տիրասպոլ, հունիս, 2013թ.

Վլադիմիր Լենինի արձանը Մերձդնեստրի Գերագույն խորհրդի շենքի մոտ, Տիրասպոլ, հունիս, 2013թ.

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, Մերձդնեստրի Գերագույն խորհուրդն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որի համաձայն` կազմավորման տարածքում կիրառվելու է Ռուսաստանի օրենսդրությունը։

«Ռոսիյսկայա գազետա»-ն պնդում է, որ օրինագիծը, ամենայն հավանականությամբ, հավանություն կստանա հետագա ընթերցումների ընթացքում, ինչը նշանակում է, որ Մերձդնեստրում գերակայող կլինեն ռուսաստանյան դաշնային օրենքները, իսկ սեփական օրենսդրական ակտերը կստանան «ենթադաշնայինի» կարգավիճակ։

Մերձդնեստրի բնակիչները երկու հանգամանքներից ելնելով են հույսեր կապում այդ օրենսդրական նախաձեռնության հետ. նախ՝ այն ընդգծում է պետականությունը Ռուսաստանի հետ միասին կայացնելու ձգտումը, բացի այդ՝ Գերագույն խորհրդի որոշումը քաղաքական միակ հակափաստարկն է, որը չճանաչված տարածքը կարող է ներկայացնել Ռումինիայի հետ մերձենալու Մոլդովայի քաղաքական ռազմավարությանը։

Սահմանադրությունը լրամշակելու նախաձեռնությամբ դեկտեմբերի սկզբին հանդես է եկել Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկը։ Ծրագիրը հրապարակել են այն բանից հետո, երբ Մոլդովան Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նախաստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը։

Չճանաչված տարածքի պաշտոնական անունն է «Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն»։ Այն Մոլդովական ԽՍՀ-ից անջատվել է 1990 թվականի սեպտեմբերի 2-ին։

Մայրաքաղաքը Տիրասպոլն է, տարածքի բնակիչների թիվը գերազանցում է կես միլիոնը, տարադրամը մերձդնեստրյան ռուբլին է։

2006 թվականին Մերձդնեստրի բնակչությունը հանրաքվեով հայտնել է Ռուսաստանին աստիճանաբար միանալու մտադրություն։ Ի դեպ, եթե մի օր դա տեղի ունենա, ապա Մերձդնեստրը կզրկվի նախագահից, գլխավոր հրամանատարից և բանակից։

Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավոր Գալինա Անտյուֆեևան «Ռոսիյսկայա գազետա»-ին ասել է, թե ռուսաստանյան օրենսդրությունը գերակայող դարձնելու օրինագիծն ընդունվել է քվեների 29 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

«Եթե մենք կարողանանք ղեկավարվել ռուսաստանյան օրենսդրությամբ, ապա կմնա ընդամենը մեկ քայլ Ռուսաստանին միանալու և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունը ճանաչելու համար։ Բոլոր հույսերը մեր ժողովուրդը կապում է Ռուսաստանի հետ։ Այդ պատճառով էլ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և Մոլդովայում, մեզ շատ է անհանգստացնում», - ասել է Անտյուֆեևան։

Նրա խոսքերով՝ Մերձդնեստրում գիտակցում են, որ Մոլդովայի կողմից անպայման կլինի հակազդեցություն և նոր ճնշում, սակայն ժողովուրդը չի կոտրվի և չի փոխի Ռուսաստանին միանալու որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG