Մատչելիության հղումներ

Փոխատեղումներ Էրդողանի կառավարության կազմում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում: 25-ը դեկտեմբերի, 2013թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում: 25-ը դեկտեմբերի, 2013թ.

Քաղաքական ճգնաժամը Թուրքիայում կարծես խորանալու միտումներ ունի: Ոստիկանության կողմից իրականացվող ծավալուն հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին վարչապետ Էրդողանը երեկ պաշտոնանկ արեց կառավարության անդամների գրեթե կեսին:

«Տեղի է ունեցել միանգամից 10 նախարարների փոփոխություն: Ավելի վաղ ես խոստացել էի, որ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ կլինեն արդեն այս ամսվա վերջին», - հայտարարել է Էրդողանը:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով` կառավարության կազմում նման ծավալուն փոփոխությունների մասին որոշումը վարչապետը կայացրել է երեկ` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպումից հետո:

Կառավարության այլ անդամների շարքում պաշտոնանկ է արվել նաև Եվրամիության հետ կապերի գծով նախարար Էգեմեն Բաղըշը: Այդ պաշտոնն այսուհետ կզբաղեցնի հայ հանրությանը քաջածանոթ Մևլութ Չավուշօղլուն, ով 2010-2012 թվականներին զբաղեցնում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն, անում է հնարավորը, որպեսզի այս հրաժարականները լայն հանրության շրջանում ընկալվեն որպես տեխնիկական փոխատեղում, այլ ոչ թե արձագանք կոռուպցիոն սկանդալին: Այսպես, Էրդողանը երեկ հայտարարում էր, թե նախարարներից մի քանիսը պաշտոնները լքում են գարնանը կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու նպատակով:

«Նախարարներից մի քանիսը հրաժարականի դիմում ներկայացրեց վերջին իրադարձությունների պատճառով, ոմանք ցանկանում եմ մասնակցել գարնանը կայանալիք ընտրություններին` պայքարելով քաղաքապետերի պաշտոնների համար: Նշանակումներից մի քանիսն էլ իմ կայացրած որոշման արդյունք են», - նշում էր թուրքական կառավարության ղեկավարը:

Չնայած կառավարության նման փոխատեղումները Էրդողանի իշխանության 11 տարիների ընթացքում իրենց բնույթով աննախադեպ էին` թուրք ընդդիմադիրները դրանք ընկալեցին որպես մանևրելու փորձ, որը հնարավորություն կտա Էրդողանին խուսափել առավել անցանկալի հետևանքներից:

Ընդդիմադիր խոշորագույն` Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե «որոշումն ուշացած էր». - «Այս փոխատեղումներով Էրդողանը փորձում է կազմել մի այնպիսի կառավարություն, որև չի ընդդիմանա իր որոշումներին»:

Այն, որ իշխող կուսակցության ներսում արդեն իսկ որոշակի խժդժություններ են նկատվում, ևս ակնհայտ է: Երեկ հրաժարական ներկայացրած Քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրքաթարը, օրինակ, վարչապետին մեղադրել է բացահայտված կոռուպցիոն գործաքների մասին տեղակացված լինելու մեջ: Ներքին գործերի նախկին նախարար Իդրիս Նաիմ Շահինը ընդհանրապես հայտարարեց իշխող կուսակցության շարքերը լքելու մասին: Այդ առթիվ հրապարակած հայտարարության մեջ Շահինը պնդել է, թե «կառավարությունը վերահսկվում է օլիգարխների մի փոքր խմբի կողմից»:

Էրդողանը, սակայն, այս բոլոր մեղադրանքները կտրականապես հերքում է` հայտարարելով, թե վերջին 10 օրերին իրավապահների նպատակը «Արդարություն և զարգացում» կուսակցությունը իշխանությունից հեռացնելն է, այլ ոչ թե կոռւպցիայի դեմ պայքարը:

«Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, Թուրքական հանրապետության և թուրք ժողովրդի դեմ իրականացվող հարձակում է` ներկայացված հակակոռուպցիոն հետաքննության քողի ներքո: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ սա ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, այլ թուրքական քաղաքական դաշտի և թուրք ժողովրդի դեմ նյութված դավադրություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG