Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետն առաջարկում է պահպանել «Զվարթնոցի» հին մասնաշենքը


Կառավարության 2013 թվականի վերջին նիստը

Կառավարության 2013 թվականի վերջին նիստը

Կառավարությունը այսօր հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարչի ներկայացրած 2013-17 թվականների «Մաստեր պլանը»:

Այսօր գործադիրի քննարկմանը ներկայացված «Մաստեր պլանով» նախատեսվում է կատարել շուրջ 101.1 միլիոն դոլարի ներդրում, որի արդյունքում կոնցեսիոները պետք է բարձրացնի սպասարկումների որակը, ներգրավի նոր տեխնոլոգիաներ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ կոնցեսիոների կողմից օդանավակայանի հին մասնաշենքի քանդման առաջարկին, որը բուռն քննարկման առարկա է դարձել: Հասկանալի է, որ հին մասնաշենքը ֆիզիկապես քայքայված վիճակում է, և ըստ փորձագետների՝ պահանջում է 15-20 միլիոն դոլարի ներդրում, ասում է վարչապետն ու հավելում, որ դա չափազանց ծախսատար գործառույթ է, որի համար առաջարկվում են ճարտարապետական այլ լուծումներ:

«Մենք պետք է դիմենք մեր կոնցեսիոներին, որպեսզի լրացուցիչ քննարկումներ տեղի ունենան և գտնվեն այնպիսի լուծումներ, որ պատմամշակութային, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները կարողանանք ինչ-որ ձևով պահպանել»,- ասաց Սարգսյանը։

Ըստ վարչապետի՝ կա մի հետաքրքիր առաջարկ, որը միգուցե ևս իմաստ ունի քննարկել.- «Մասնավորապես, օդանավակայանի տարածքում ճարտարապետական այնպիսի լուծումով այգի կառուցել, որտեղ ժամանակին մեր քաղաքի դեմքը հանդիսացող ճարտարապետական կոթողները կարող են այդ այգում տեղակայվել»։

Վարչապետը նկատի ունի Բրյուսելում կառուցված փոքրիկ Եվրոպայի մոդելը:

«Միգուցե մենք մեր ճարտարապետների կարող ենք գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի պահպանենք այդ ժառանգությունը, այդ թվում նաև սովետական մոդեռնիզմից ստացած ժառանգությունը»,- ասաց նա։

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի վիճահարույց հարցը պետք է լուծվի, ասաց վարչապետն ու նշեց, որ կառույցը պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված չէ:

Նիստի ավարտին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը խոսեց իր ղեկավարած ոլորտի ձեռքբերումների ու ձախողումների մասին:

«Ձեռքբերումներից մեկը արտաքին տնտեսական քաղաքականության մեջ երկու ուղղությամբ հաջողություններն են, որոնցից մեկը Մաքսային միության հետ «ճանապարհային քարտեզի» ստորագրումն է, մյուսը՝ մենք նաև Եվրոպական միության երկրների հետ ունենք Եվրախորհրդարանի կողմից հաստատված GSP plus համակարգի շարունակությունը 2014-ին, որը մեր արտահանման համար բավականաչափ լավ հեռանկար է բացում»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով ձախողումներին՝ Ավանեսյանն ասաց.- «Այս տարի, իհարկե, շատ դժվար տարի է ներդրումների տեսանկյունից։ Կարծում եմ, դա մեր ձախողումներից է»։

Կառավարության այս տարվա վերջին նիստում ի թիվս այլ հարցերի գործադիրը որոշեց հունվարի 1-ից դադարեցնել ԱՊՊԱ-ի կտրոնների տրամադրումը, ավելացնել աշխատանքային կենսաթոշակի չափը (հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ), ընդլայնել անվճար բժշկական օգնությունից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, համաձայն որի անվճար բուժօգնությունից կօգտվեն ևս 270 հազար անձինք:

Դատելով իր ենթակայության տակ գտնվող գերատեսչությունների հաշվետվություններից, վարչապետ Տիգրան Սարգսյանն փաստում է, որ 2013 թվականը բավականին ծանր տարի էր:

«2014 թվականին ևս կառավարությանը բավականին լարված աշխատանք է սպասվում»,- կառավարության այս տարվա վերջին նիստը եզրափակելով՝ ասաց Տիգրան Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG