Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանում բացվել է առանձին ռուսալեզու գրադարան


Չնայած հայրենի խորհրդարանում դեռ 1991թվականից գործում է գրադարան, ուր գրքեր կան տարբեր լեզուներով՝ այդ թվում ռուսերեն, սակայն պարզվում է՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ խորհրդարանում առանձին բացվել է նաև «Ռուսական գրքի գրադարան»:

Հիմնավորելով նորաբաց գրադարանի անհրաժեշտությունը` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդտեղ գործելու է նաև «Հայ-ռուսական պատգամավորների բարեկամության ակումբ». - «Մեր պատգամավորները կարող են միմյանց հետ շփումներ իրականացնել, համատեղ հանձնաժողովների նիստեր անցկացնել: Նաև ռուսաց լեզվի դասընթացներ է պատրաստվում աշխատակազմը իրականացնել աշխատակիցների համար… Իմ կարծիքով, Ազգային ժողովի գրադարանը և այս գրադարանը մեկը մեկի գործառույթները չի կրկնում, և մեկը մեկի աշխատանքներին որևէ հակասում չենք տեսնում»:

Թե ինչու հնարավոր չէ հայ և ռուս պատգամավորների բարեկամության ակումբի նիստերն անցկացնել արդեն իսկ առկա ու ավելի մեծ գրադարանում կամ, ասենք, վերջերս նորոգոված Ազգային ժողովի նիստերի դահլիճում, պարզ չէ: Փոխարենը Գուրգեն Դումանյանի հետ զրույցում պարզեցինք, որ գրադարանը բացվել է դեկտեմբերի 3-ին:

Հիշեցնենք, դեկտեմբերի 2-ին մի քանի ժամով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հարցին, թե արդյոք գրադարանի բացման օրը կապ ուներ Ռուսաստանի նախագահի ժամանման հետ, Դումանյանն արձագանքեց. - «Նախաձեռնությունը երբ եղավ, այդ պահին պարզ չէին Ռուսաստանի նախագահի այցելության ժամկետները, բայց երբ աշխատանքները սկսվեցին և մոտենում էին ավարտին, և պարզվեց, որ այդ ժամանակաշրջանում Ռուսաստանի նախագահի պետական այցն է լինելու Հայաստանի Հանրապետություն, որոշում կայացվեց, որ այցի շրջանակներում կատարվի նաև հանդիսավոր բացումը»:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը փոխանցեց, որ ռուսական գրադարանի բացման համար Հայաստանը գումար չի ծախսել, «ֆինանսավորումը ապահովել են ռուս գործընկերները»:

Գրադարանն ունի 6 հազար անուն գիրք, որոնց թվում քիչ չեն Ռուսաստանի ներքին օրենսդրության վերաբերող հրատարակությունները: Հավանաբար, Մոսկվայի հետ շարունակվող ինտեգրացին ունի շատ հեռուն գնացող նպատակներ:

Ինչևէ, հանրահայտ են վերջին շրջանում հնչող մտահոգությունները, թե տարբեր անվանումներով միություններ նախաձեռնելու` Ռուսաստանի քայլերի իրական նպատակն է վերականգնել Խորհրդային Միությունը: Զուգահեռաբար Կրեմլը շարունակում է հետխորհրդային երկրներում, այդ թվում Հայաստանում ռուսաց լեզվի ամրապնդման ուղղությամբ ջանքները՝ պահանջելով, որպեսզի ռուսերենը լինի Մաքսային ու գալիք այլ միություններում պաշտոնական միակ լեզուն:

Հարցին, թե չի կարծում, որ այս քայլերը կարող են հանգեցնել Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի հարցի բարձրացմանը, Գուրգեն Դումանյանը պատասխանեց շատ հակիրճ. - «Չեմ կարծում»:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, ճիշտ հակառակ կարծիքի է: Նրա համոզմամբ` այս ամենը վկայում է, որ Կրեմլը շարունակում է ջանքեր գործադրել՝ Հայաստանում ռուսաց լեզվին կարգավիճակ շնորհելու ուղղությամբ. - «Այդ բոլոր վտանգները կան, և կամաց-կամաց, քայլ առ քայլ Ռուսաստանի ամենաբարձր ղեկավարությունը տարբեր մակարդակներով այնպիսի բաներ է հնչեցնում, որ մենք զգում ենք այդ ցանկությունը, այդ կայսերապաշտական մոտեցումը` վերարտադրել ինչ-որ մի միություն, որը, կարծում եմ, իրենց պատկերացումներով, չի տարբերվելու Սովետական միությունից»:
XS
SM
MD
LG