Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ․ Ադրբեջանի ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին


Ադրբեջանի նախագահական ընտրությունների հաջորդ օրը ԵԱՀԿ-ի դիտորդները ասուլիս են տալիս Բաքվում
Ադրբեջանի նախագահական ընտրությունների հաջորդ օրը ԵԱՀԿ-ի դիտորդները ասուլիս են տալիս Բաքվում

Իրենց վերջնական զեկույցում ԵԱՀԿ-ի դիտորդները արձանագրում են, որ խախտումներ են կատարվել ընտրությունների բոլոր փուլերում:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) չորեքշաբթի օրը Վարշավայում հրապարակեց Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը` արձանագրելով, որ հերթական անգամ այս երկրում կայացած քվեարկությունը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին:

ԵԱՀԿ-ի դիտորդների պնդմամբ՝ խախտումները արձանագրվել են ընտրությունների բոլոր էտապներում: Ընտրարշավի ընթացքում թեկնածուների համար հավասար պայմաններ չէին ապահովվել, սահմանափակված էր հավաքների և ցույցերի ազատության իրավունքը:

Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, ապա, ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների, տեղամասերի բացման գործընթացը բացասական էր գնահատվել ամեն հինգերորդ դեպքում: «Քվեարկության ընթացքը բացասաբար էր գնահատվել տեղամասերի 12 տոկոսում», - նշում են ԵԱՀԿ-ի դիտորդները՝ մանրամասնելով․ - «Հոկտեմբերի 9-ին միջազգային դիտորդները արձանագրել են լցոնման 39 դեպք, ավելի քան 50 ընտրատեղամասերում ցուցակներում առկա էին միմյանց կրկնող ստորագրություններ, իսկ տեղամասերի 19 տոկոսում անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող ընտրողներին քվեարկելու հնարավորություն էր տրվել»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները նկատում են սակայն, որ թեև քվեարկության ժամերին խնդիրներն ու խախտումները արդեն իսկ բազմաթիվ էին, դրանք բազմապատկվել են երեկոյան ժամը 7-ից հետո, երբ փակվել են ընտրատեղամասերի դռները: «Քվեների հաշվարկի ընթացքում խնդիրները ևս բազմաթիվ էին: Հաշվարկի ընթացը բացասաբար է գնահատվել դիտարկված տեղամասերի 58 տոկոսում: Քվեները հաշվելու ընթացքում արդեն արձանագրվել է տրցակներով քվեաթերթիկների լցոնման 23 դեպք, տեղամասերից 42-ում քվեարկության արդյունքներն ամփոփող արձանագրությունները թանաքով չէին կազմվել, ևս 18 դեպքերում տեղամասային հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունները կազմվում էին ընտրատարածքային հանձնաժողովներում, ինչը օրենքի կոպիտ խախտում է», - նշում են ԵԱՀԿ-ի դիտորդները:

«Ներկայացված խնդիրների լրջությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը դեռ շատ անելիք ունի ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու համար», - նշում են դիտորդներն իրենց վերջնական զեկույցում` նաև մի շարք առաջարկներ ներկայացնելով պաշտոնական Բաքվին:

Այսպես, ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների, ընտրությունների անցկացման ընթացքում լուրջ թերություններից խուսափելու համար ադրբեջանական իշխանությունները պետք է երկարաձգեն քարոզարշավի համար նախատեսված ժամկետը, փոփոխության ենթարկեն ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը, բացառեն ահաբեկման դեպքերը:

«Քվեատուփերի լցոնման և արձանագրությունների կեղծման դեպքերը կանխելու համար պաշտոնական Բաքվին հարկավոր է քաղաքական կամք դրսևորել: Ընտրական օրենսդրության լրջագույն խախտումների մասին տեղեկությունները պետք է մանրակրկիտ կերպով հետաքննվեն, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության», - նշում են ԵԱՀԿ-ի դիտորդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG