Մատչելիության հղումներ

Նավասարդյան․ Նազարբաևի հայտարարությունը անակնկալ չէ


Բորիս Նավասարդյան, արխիվ

Բորիս Նավասարդյան, արխիվ

ԱԳ քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգողի համոզմամբ՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում շտապողականությունը բխում է Ռուսաստանի շաերից:

Երեքշաբթի օրը Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի հաստատման ժամանակ Ղազախստանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի հիշատակումը անակնկալ չէ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Եվրամիության Արևելյան գործընկերության Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններ գրեթե չունեն, փոխարենը՝ սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ, ընդգծեց նա՝ հավելելով, թե սա ազդակ է այն մասին, որ Մաքսային միությունը, լինելով տնտեսական կառույց, սկսում է օգտագործել բոլոր լծակները քաղաքական հարցերի վրա ազդեցություն ունենալու համար:

«Դա շատ վտանգավոր է հատկապես Հայաստանի համար, քանի որ մենք հայտնվում ենք այնպիսի, եթե կարելի է ասել, կոմպանիայում, որտեղ արտաքին քաղաքականության առաջնայնությունները ոչ մեկ չի կիսելու, և կարող է ստիպել Հայաստանին՝ գնալ այնպիսի քայլերի, որոնք ընդունելի չեն եղել և նույնիսկ չեն քննարկվել մեզ մոտ՝ որպես անընդունելի, վերջին 23 տարիների ընթացքում», - ասաց Նավասարդյանը:

Նրա կարծիքով, այս համատեքստում Հայաստանի շահերի բավարարումը մեծ մասամբ կախված է լինելու մեկ երկրից՝ Ռուսաստանից:

Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հաստատվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ճանապարհային քարտեզը՝ այն միջոցառումների ծրագիրը, որոնցով Հայաստանը պետք է միանա Մաքսային միությանը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նիստի ժամանակ նշել է, որ իր երկիրը պատրաստ է ստորագրել Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը, սակայն պահանջում է բացատրել Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված՝ Մաքսային միության սահմանի հարցը:

Վերլուծաբանների գնահատմամբ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը բավական արագ է ընթանում՝ դեռ 4 ամիս էլ չի անցել միությանը անդամակցելու որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից, և արդեն ստորագրվում է անդամակցության ճանապարհային քարտեզը, մինչդեռ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանն ուղղված բանակցությունները տևել էին գրեթե 4 տարի:

Այս շտապողականությունը, Բորիս Նավասարդյանի կարծիքով, բխում է հենց Ռուսաստանի շահերից, քանի որ Արևելյան գործընկերության երկու երկրներ՝ Վրաստանը և Մոլդովան նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

«Եվ Ռուսաստանին՝ ցույց տալու համար և ապացուցելու համար, որ Ռուսաստանը մնում է հզոր խաղացող, միջազգային քարտեզում անհրաժեշտ էր արձանագրել լուրջ ինտեգրացիոն զարգացում գոնե մեկ երկրի դեպքում: Ուկրաինայի դեպքում դա կիսով չափ ստացվեց, Հայաստանի հետ ստացվեց շատ ավելի հեշտ և արագ», - ասաց Նավասարդյանը:

Եվ այդ հաջողությունները արտաքին քաղաքականության մեջ, նրա խոսքերով, «անհրաժեշտ են Ռուսաստանին նաև ներքին կայունությունը ապահովելու համար, քանի որ ներքին հարցերում Ռուսաստանը բավականին լուրջ դժվարություններ ունի, հասարակությանը պետք է մատուցել հաջողություններ գոնե արտաքին ուղղությունում»:
XS
SM
MD
LG