Մատչելիության հղումներ

Հաստատվել է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»


Մոսկվայում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին:

Այդուհանդերձ, հայաստանյան փորձագիտական հանրությունից շարունակում են կասկածների հնչել, թե Ռուսաստանի իրական նպատակը մեր երկիրը Մաքսային միության լիիրավ անդամ տեսնելն է:

«Ազատության» հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ «ճանապարհային քարտեզը» բոլոր հարցերի պատասխանը չի տալիս և բանակցությունները դեռ առջևում են, իսկ թե այդ բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ռուսաստանը ինչ կպայմանավորվեն Մաքսային միության հարցում, հստակ չէ:

«Գոյություն չունի Եվրասիական միություն: Դա նախագիծ է: Գոյություն չունի նաև Միացյալ տնտեսական տարածություն, դա նույնպես նախագիծ է: Մաքսային միության վերաբերյալ առաջին փաստաթղթերը, եթե չեմ սխալվում, ստորագրվեցին դեռ 1996 թվականին: Այն ժամանակ այդ միության մաս պետք է կազմեին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը: Այսօր իր ելույթում Պուտինն ասաց, որ պետք է կողմնորոշվենք այն բացառությունների հետ կապված, որոնք կլինեն Հայաստանի ու Ղրղըզստանի հետ հարաբերություններում: «Բացառություններ» բառը այստեղ առանցքային նշանակություն ունի: Սեպտեմբերի 3-ին ընդամենը քաղաքական որոշում կայացվեց, և այդ որոշումը այն մասին էր, որ Հայաստանը ԵՄ-ի հետ չի ստորագրելու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Եվ ոչ թե որոշում էր Մաքսային միությանը միանալու մասին, և այդ որոշումը վերաբերում էր ավելի շատ Ուկրաինային ու, ի դեպ, Բելառուսին ևս, քան Հայաստանին», - ասաց Ալեքսանդ Իսկանդարյանը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հիշեցրեց դեկտեմբերի 2-ին Երևանում Պուտինի արտաբերած խոսքերը, որ չի կարող կոնկրետ ժամկետ նշել, թե երբ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ, և ավելացրել էր․ - «Մենք նույնիսկ չենք հասցնում մեր հայ գործընկերների հետևից»:

«Վստահ չեմ, որ Ռուսաստանը իրոք մտադիր է հարկադրել Հայաստանին, որպեսզի այն դառնա Մաքսային միության անդամ, որովհետև խոչընդոտները զգալի են, որպեսզի Ռուսաստանը, այսպես ասած, լուրջ ջանքեր գործադրի՝ հասնելու միությանը Հայաստանի լիիրավ անդամակցությանը: Ավելի շուտ Հայաստանի իշխանությունները, պաշտպանական նկատառումներից ելնելով, ձգտում են, որքան հնարավոր է արագ ու հեռու գնալ այդ ճանապարհով», - հավելեց Կիրակոսյանը:
XS
SM
MD
LG