Մատչելիության հղումներ

logo-print

Նիկոլ Փաշինյան․ «Հասել ենք այն արդյունքին, որ հետապնդել ենք»


Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն TV»-ի ստուդիայում, Երևան, 23-ը դեկտեմբերի, 2013թ․

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն TV»-ի ստուդիայում, Երևան, 23-ը դեկտեմբերի, 2013թ․

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ գազային համաձայնագրերը վավերացում չեն անցել, «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը շարունակում է մնալ Հայաստանի սեփականություն:

«Ազգային ժողովը հայ - ռուսական համաձայնագրերի փաթեթը վավերացնելու մասին որոշում չի կայացրել», - երկուշաբթի երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով նույն օրը խորհրդարանում անցկացված քվեարկությունը:

«Այսինքն՝ այդ համաձայնագրերը Ազգային ժողովում չեն վավերացվել, այսինքն՝ մենք չունենք որևէ փաստաթուղթ՝ կանոնակարգով սահմանված կարգով ընդունված, որը կփաստի, որ կողմ է քվեարկել այսքան պատգամավոր, դեմ է քվեարկել այսքան պատգամավոր, ձեռնպահ է քվեարկել այսքան պատգամավոր, էդպիսի փաստաթուղթ գոյություն չունի», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Եթե չկա փաստաթուղթ, նշանակում է՝ չկան քվեարկության արդյունքներ, եթե չկան քվեարկության արդյունքներ, նշանակում է՝ չկա որոշում, եթե չկա որոշում, նշանակում է՝ համաձայնագրերի փաթեթը չի վավերացվել, այսինքն՝ դրանք իրավական ուժ չունեն»:

Ոչ իշխանական պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության առնչությամբ ընդդիմադիր խորհրդարանականը ասաց․ - «Գիտեք, դա իրավական վերլուծության խնդիր է, բայց իմ նախնական գնահատականը հետևյալն է: Սահմանադրական դատարանում պետք է վիճարկել ինչ-որ մի արդյունք, որից, ասենք, դժգոհ ես կամ չես ընդունում: Ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք հասել ենք այն արդյունքին, որ հետապնդել ենք, այսինքն՝ համաձայնագրերը վավերացում չեն անցել, «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականություն, և այս փաստը վիճարկելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում»:

«Այսինքն՝ մենք այսօր ունենք այն, ինչ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր Ազգային ժողովից, պահանջում էր մեզանից՝ դա այլևս կատարված փաստ է՝ Ազգային ժողովը չի վավերացրել, և այդ համաձայնագրերը իրավական ուժ չունեն», - ընդգծեց Փաշինյանը:

Հարցին՝ «այս իրավիճակում արդյո՞ք Սահմանադրական դատարան դիմելը ինչ-որ չափով վտանգավոր չէ», ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց․ - «Ես այդտեղ տեսնում եմ հետևյալ խնդիրը: Հիմա, տեսեք, մենք ասում ենք՝ կա՞ արդյոք փաստաթուղթ, որ այս համաձայնագրերի փաթեթը վավերացվել է՝ փաստաթուղթ գոյություն չունի: Քանի որ մենք գիտենք, որ Սահմանադրական դատարանը ընդամենը իշխանության կցորդն է, Սահմանադրական դատարան դիմելը կարող է ունենալ հետևյալ վտանգը․ այդ պրոցեսի արդյունքում կարող է ի հայտ գալ մի փաստաթուղթ՝ «Սահմանադրական դատարանի որոշում» անունով, և իշխանությունները այս հարցին արդեն կարող են ձեռք բերել պատասխան, որ «ահա տեսեք՝ Սահմանադրական դատարանի որոշումը փաստում է, որ այս փաստաթղթերը վավերացված են»:
XS
SM
MD
LG