Մատչելիության հղումներ

Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը կարող է ստորագրվել վաղը


Հայաստան -- Հայաստանի և Ռուսաստանի նախագահների զրույցը` հայ-ռուսական համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2013թ.

Հայաստան -- Հայաստանի և Ռուսաստանի նախագահների զրույցը` հայ-ռուսական համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2013թ.

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կարող է ստորագրվել վաղը` Մոսկվայում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Վաղը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին քննարկվելու է Հայաստանի և Ղրղըզստանի` Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը և հնարավոր է, որ Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաստատվի, որովհետև Ղրղըզստանի համեմատ Հայաստանի անդամակցությանն ուղղված աշխատանքները արագացված տեմպով են ընթանում», - ասել է Ուշակովը:

Ղրղըզստանի ճանապարհային քարտեզը դեռ պատրաստ չէ: Ավելին, օրերս Ղրղըզստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ստորագրել ճանապարհային քարտեզը այն վիճակով, որ առաջարկվում է և մտադիր են շարունակել բանակցությունները փաստաթղթի վերաբերյալ:

Բելառուսն ու Ղազախստանը Հայաստանի անդամակցության առնչությամբ ոչ վաղ անցյալում խնդիրներ էին տեսնում` ակնարկելով ղարաբաղյան չլուծված հակամարտությունը: Այսօր, սակայն, այդ երկրների կողմից նման հայտարարություններ այլևս չեն հնչում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունից տեղեկանում ենք, որ վաղը կեսօրին նախ տեղի կունենա Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների մասնակցությամբ նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը, որին, բացի Հայաստանի նախագահից, կմասնակցեն նաև Ղրղըզստանի նախագահը և Ուկրաինայի վարչապետը: Նիկոլայ Ազարովի մասնակցությունն այս նիստին թերևս նիստի հիմնական ինտրիգն է, քանի որ Ուկրաինայի իշխանությունները շարունակում են պնդել, թե մտադիր չեն միանալ Մաքսային միությանը և պատրաստվում են շարունակել բանակցությունները Եվրամիության հետ:

Վաղը նախատեսված է մի շարք փաստաթղթերի ստորագրումը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում, բացի Մաքսային միության ընդլայնումից, կլինի նաև Եվրասիական տնտեսական միության ձևավորման հարցը՝ միությունը պետք է սկսի գործել 2015-ի հունվարի 1-ից:

Եվրասիական միության ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ տարվա մայիսին, ինչից հետո այն պետք է վավերացնեն անդամ պետությունները:
XS
SM
MD
LG