Մատչելիության հղումներ

Հովհաննես Չեքիջյանը 85-ամյակը կնշվի հոբելյանական համերգով


«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր մեծ համերգով կնշվի մեր մեծագույն երաժիշտներից մեկի` Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյա հոբելյանը:

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, մեր անվանի օպերային երգիչները` հոբելյարի ղեկավարությամբ:

Հովհաննես Չեքիջյանը իր ստեղծագործական գործունեության ընթացքում ղեկավարել է 5 տասնյակից ավելի նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր ողջ աշխարհում, հեղինակել է բազմաթիվ վոկալ, սիմֆոնիկ, ստեղծագործություններ, երգչախմբային մշակումներ, արժանացել է ամենաբարձր կոչումների ու պարգևների:

Նա այսօր ապրող միակ դիրիժորն է աշխարհում, ով 55 տարի անընդմեջ ղեկավարում է նույն երգչախումբը` Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

Երգչախումբը օրերս է վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ տվել է 96-րդ համերգը:

«Այդ նույն քաղաքում ես 96 համերգ եմ անցկացրել: Մեծ մասամբ Շոստակովիչի անվան դահլիճում և Մրավինսկու նվագախմբի հետ` իմ ղեկավարությամբ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց մաեստրոն:

Անդրադառնալով առաջիկա համերգի ծրագրին` Չեքիջյանն ասաց. - «Այս տարի Վերդիի տարին է. բացառապես Վերդի է, սկզբից մինչև վերջ»:

Նա հատուկ շեշտեց, որ բոլոր հյուրախաղերի ժամանակ մշտապես կատարել են նաև հայ հեղինակների ստեղծագործություններ: Ազգային մշակույթը նաև Հայաստանում տարածելուն Չեքիջյանը հսկայական նշանակություն է տալիս հատկապես այսօր:

«Նարեկացի ունեցող ժողովուրդ ենք, և այսօր այդ ռաբիզսերի, այդ հասարակ, պարզունակ բաներով հպարտանում ենք, կարծես թե ընդունել ենք տաբիսը որպես մեր ազգային երաժշտությունը: Հայկական երաժշտություն ասելով, ցավոք սրտի, դա ենք հասկանում: Ունենք Կոմիտաս, բայց Կոմիտասին մոռանում ենք կամաց-կամաց: Կոմիտասը դարձել է մի տեսակ դասական գիր-գրականություն, գրաբար: Ես ցանկանում եմ, որ մեր ժողովրդը հասկանա, որ այդ ռաբիսները իրենց պատիվ չի բերում, և կամաց-կամաց սրբագրենք, գնանք դեպի դասական», - ասաց նա:

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է Ստամբուլում: Մինչև 1961 թվականին հայրենադարձվելը Ստամբուլում ղեկավարել է տարբեր երգչախմբեր, եղել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, ստեղծել է իր` «Չեքիջյան» երգչախումբը, եղել է Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:

Իսկ 1961-ից ղեկավարում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG