Մատչելիության հղումներ

Pussy Riot փանք-խմբի անդամները կզբաղվեն իրավապաշտպան գործունեությամբ


Pussy Riot պմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան այսօր ազատ են արձակվել։ 23-ը դեկտեմբերի, 2013թ։

Pussy Riot պմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան այսօր ազատ են արձակվել։ 23-ը դեկտեմբերի, 2013թ։

Այսօր վաղ առավոտյան բանտերից ազատ են արձակվել Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան։

Pussy Riot փանք-խմբի անդամ Մարիա Ալյոխինան այսօր առավոտյան ազատ է արձակվել Նիժնի Նովգորոդի բանտից։ Դա հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտրինի` անցած շաբաթ ստորագրած համաներման արդյունքում։

Դուրս գալով քրեակատարողական հիմնարկի տարածքից` Ալյոխինան հավաքված լրագրողներին ասել է, որ բնավ չէր ցանկանում համաներումով ազատվել և եթե ունենար այդպիսի հնարավորություն` ներումը կմերժեր։

«Հրամանն արձակվել էր, և ինձ պարզապես դուրս են հանել, ինձնից ոչինչ կախված չէր», - ասել է Ալյոխինան, ով նաև հայտնել է, որ կզբաղվի իրավապաշտպան առաքելությամբ։ - «Ես ցանկանում եմ հանդիպել իրավապաշտպաններին, զբաղվել բանտերի հարցով։ Ես ցանկանում եմ ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը: Հավատացեք, հիմա ես ոչնչից չեմ վախենում»։

Խմբի մեկ այլ անդամ` Նադեժդա Տոլոկոննիկովան պատիժը կրել է Կրասնոյարսկի մարզի բանտում։ Այսօր նա նույնպես ազատ է արձակվել։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր և կոսմետիկական գործողություն։ Նա [Վլադիմիր Պուտինը] մարդկանց ազատում է, երբ պատժաժամկետի ավարտին մի քանի ամիս է մնում։ Նույնը կարող եմ ասել Միխայիլ Խոդորկովսուն ազատելու մասին։ Ես կոչ եմ անում Եվրոպային բոյկոտել Սոչիի Ձմեռային օլիմպիադան, չծախվել նավթի և գազի դիմաց։ Հանուն մարդասիրական չափանիշների, ավանդույթներ, Եվրոպայի արժեքներիի, ազնվությունը կհաղթանակի», - ասել է Տոլոկոննիկովան։

Նա նույնպես մտադիր է ազատության պայմաններում զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։

Խմբի անդամներ Ալյոխինան, Տոլոկոննիկովան և Եկատերինա Սամուցևիչը 2012 թվականի օգոստոսի 17-ին դատապարտվել են երկուական տարվա ազատազրկման Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի տաճարում հակապուտինյան ներկայացում` «փանք-պատարագ» մատուցելու համար` այդպես բողոք հայտնելով այդ տարվա նախագահական ընտրություններում Պուտինին սատարելու Ռուսաց ուղղափառ եկեղեցու դիրքորոշման դեմ։

Սամուցևիչը նույն թվականին պայմանական ազատ է արձակվել։

Անվանի քաղաքական գործիչներ և ռոք-աստղեր Ռուսաստանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել խմբի անդամներին։

Ալյոխինան, Տոլոկոննիկովան և Սամուցևիչը պնդել են, որ «շարքային հավատացյալներին իրենց արարքով վիրավորելու մտադրություն չեն ունեցել և ակցիայի իմաստը միայն քաղաքական է եղել»։ Նրանք ափսոսանք են հայտնել հավատացյալների մոտ տհաճ ապրումներ հրահրելու համար, սակայն իրենց մեղավոր չեն ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG