Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ կազմակերպություններին մտահոգել է ԵԴ-ի որոշումը


Եվրադատարանի շենքը Ստրասբուրգում

Եվրադատարանի շենքը Ստրասբուրգում

Ֆրանսահայ համայնքը խորը ընդվզումով է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որով անցած շաբաթ արդարացվեց Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտված թուրք ազգայնականը։

Դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդարացրեց թուրք քաղաքական գործիչ, Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին, ում Շվեյցարիայի դատարանը 2007 թվականինմեղավոր էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար և 12 հազար շվեյցարական ֆրանկով տուգանելու որոշում կայացրել:

Ֆրանսահայ կազմակերպությունները տարիներ շարունակ պայքարում են ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար։ Եվրոպական դատարանի այս վճիռը եկավ ամրապնդելու ֆրանսահայ կազմակերպությունների համոզումը այն մասին, թե պետք է շարունակել պայքարը հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին՝ համակարգելով այն աշխարհի տարբեր երկրների այլ նախաձեռնությունների հետ։ Ֆրանսահայ մամուլում հրապարակված բազմաթիվ հաղորդագրությունները հայտնում են այս մասին։ Դրանց տակ ստորագրել են Հայ հեղափոխական դաշնակցության Փարիզի և Եվրոպայի գրասենյակները, ժխտողականության դեմ պայքարող «Վան» կազմակերպությունը, «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, ինչպես, օրինակ, պատգամվորներ Վալերի Բուայեն և Ռենե Ռուքեն։

UMP կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն 2011 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովին էր ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ նախ դրականորեն քվեարկված, ապա Սահմանադրական խորհրդի կողմից մերժված օրինագիծը։ Իսկ Ռենե Ռուքեն Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ է, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ժողովի Ֆրանսիայի պատվիրակության նախագահը։

Ռուքեն իր հատուկ հաղորդագրության մեջ նշել է, թե ԵԴ-ի վերոհիշյալ որոշումը վերջնական չէ, քանի որ Շվեյցարիան կարող է պահանջել, որ գործը ուղարկվի ԵԴ-ի բարձրագույն ատյան։

Վալերի Բուայեն իր տարածած հաղորդագրությունում դատապարտել է «այն տխուր փաստը, որ մինչ այժմ նախագահ Ֆրանսուա Օլանդը չի իրականացրել իր խոստումը ժխտողականության դեմ մի օրենք ընդունելու մասին, և այն, որ հայկական պատվիրակության հետ Օլանդի՝ դեկտեմբերի 16-ին ունեցած հանդիպումից հետո հրապարկված պաշտոնական մամուլի հաղորդագրությունը ոչ մի խոսք չի ասում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի մասին, ինչը Ֆրանսիայի նախագահը խոստացել էր 2012 թվականին ապրիլի 24-ին Կոմիտասի արձանի առջև»։

Այնուամենայնիվ, ըստ Le Monde թերթի, նման մի օրինագիծ նախագահ Օլանդը խոստացել է, սակայն նախընտրել է այն չբացահայտել հունվարին վերջին Թուրքիա կատարելիք այցի պատճառով։
XS
SM
MD
LG