Մատչելիության հղումներ

Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է


Ոստիկանության ջոկատը տեղակայվել է Ստամբուլի դատարանի մոտ։ 20 դեկտեմբերի, 2013թ.

Ոստիկանության ջոկատը տեղակայվել է Ստամբուլի դատարանի մոտ։ 20 դեկտեմբերի, 2013թ.

Կոռուպցիայի գործով քննությունը կարող է մեծ հարված հասցնել «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Կառավարությունները, սովորաբար, չեն մեղադրում ոստիկաններին «քաղաքական դավադրության» մեջ, սակայն հիմա հենց դա է տեղի ունենում Թուրքիայում, որտեղ կոռուպցիայի գործով հետաքննությունը քաղաքական ճգնաժամի է հանգեցրել։

Ոստիկանները փորձում են պարզել ոսկու կասկածելի վաճառքի հանգամանքները. խոսքը միլիոնավոր դոլարների հասնող գործարքի մասին է, որին մասնակցել են երեք նախարարների և անվանի գործարարների զավակները։

Շաբաթասկզբին ոստիկանները ձերբակալել են մոտ 80 քաղաքացիների, այդ թվում նշված բարձրաստիճան անձանց զավակներին։ Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործարքներ կատարելու և հետաքննությունը խոչընդոտելու փորձերի մեջ։

«Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է պաշտոնանկ անել Ստամբուլի և մայրաքաղաք Անկարայի ոստիկանության մի քանի հանձնակատարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների։ Վարչապետը պնդել է, որ «ոստիկանները կեղտոտ արշավ են սկսել և փորձում են վարկաբեկել նախարարներին գալիք ընտրություններից առաջ»։

Էրդողանն ակնարկել է, թե այս գործողությունների նախաձեռնողները «փորձում են հարված հասցնել կառավարությանը և պետության ներսում պետություն ստեղծել»։ Նա անուններ չի նշել, սակայն, ըստ վերլուծաբանների, կշտամբանքը հասցեագրված է Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած թուրք ազդեցիկ մահմեդական սպասավոր Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին։

«Հյուրիեթ Դեյլի Նյուզ» թերթի մեկնաբան Բարջին Յինանջի փոխանցմամբ, մինչ այդ էլ Էրդողանը տարբեր առիթներով մեղադրել է Գյուլենի հետևորդներին։

«Հանրությունը գիտակցում է, թե ովքեր են վարչապետի կամ նրա նախարարների թիրախը, երբ նրանք խոսում են պետության ներսում պետություն ստեղծելու ծրագիր հետապնդող ավազակախմբի մասին։ Առաջին անգամ չէ, որ նրանք այդ թեման են արծարծում»,- ասել է Յինանջը։

Ոսկու գործով հետաքննության արդյունքում ոստիկանների և Էրդողանի անմիջական քաղաքական շրջապատի որոշ ներկայացուցիչների միջև իսկական առճակատում է սկսվել։

Քննիչները խուզարկություններ են անցկացրել կասկածյալների տներում, առգրավված իրեղեն ապացույցներից ամենասենսացիոնը, թերևս, կոշիկի տուփերն են, որոնց մեջ կանխիկ գումարով պահված է եղել 4.5 միլիոն դոլար։

Տուփերը հայտնաբերել են «Հալք-Բանք» պետական բանկի գործադիր տնօրենի տանը, իսկ նախարարներից մեկի որդու տան ննջասենյակում հայտնաբերել են կանխիկ դրամ հաշվող մեքենա և տրցակներով թղթադրամ։

Ըստ քննիչների, այդ խմբավորումը Իրանից նավթ և գազ գնելու համար հատկացված կանխիկ դրամը վերածել է ոսկու, որն Իրան է փոխադրել Դուբայի տարածքով։

Այս պահին դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ով կառավարությունից կարող էր ներքաշված լինել կոռուպցիոն գործարքում և արդյո՞ք Իրանի կառավարությունն էլ առնչություն ունի գործին, սակայն հաղորդվում է, որ առանցքային կասկածյալը Թուրքիայում բնակվող իրանցի գործարար Ռեզա Զարրաբն է, ով լավ կապեր ունի և Թուրքիայում, և Իրանում և ամուսնացած է թուրք հայտնի երգչուհու հետ։

Թուրքիան նավթ և գազ է ներկրում Իրանից, սակայն միջազգային պատժամիջոցներն արգելում են վճարումներն անել դոլարով կամ եվրոյով և, հետևաբար, թուրքերը վճարում են թուրքական լիրայով։ Սակայն իրանցիները «Հալք-Բանկից» վերցրած լիրաներով Թուրքիայում ոսկի են գնում, այն պարկերով տանում են Դուբայ, ծախում դոլարով կամ եվրոյով, ապա այդ տարադրամը կամ էլ հենց ոսկին փոխադրում են Իրան։

Այս գործարքները հակասում են ամերիկյան պատժամիջոցներին, որոնց նպատակն է փակել դեպի Իրան դոլարի կամ եվրոյի և թանկարժեք մետաղների հոսքը։

Հաջորդ տարի Թուրքիայում տեղի կունենան տեղական և նախագահական ընտրություններ։ Վարչապետ Էրդողանը բավական անհարմար վիճակում է հայտնվել, քանի որ 2003-ին իշխանություն է ստանձնել «մաքուր ձեռքերի քաղաքականության» կարգախոսով։

Մահմեդական առաջնորդ Գյուլենի հետևորդները ժամանակին եղել են «Արդարություն և զարգացում» կուսակցության դաշնակիցները և օգնել են Էրդողանի հաղթանակին։ Նրանց միավորել է վախը արդիական Թուրքիայի հիմնադիր, աշխարհիկ կարգերի վճռական ջատագով Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսության նկատմամբ։

«Երկու ուժերը համատեղ ջանքերով պայքարել են ընդհանուր թշնամու` երդվյալ քեմալականների, աշխարհիկ զինվորականների և նրանց միացած արդարադատության վերնախավի դեմ։ Բայց հիմա սկսվել է կռիվ կառավարման ոճի շուրջ, ըստ էության, սա պայքար է իշխանությունը կիսելու և որոշ հարցերում վճռական ձայնի իրավունք ստանալու համար»,- ասել է «Հյուրիեթի» մեկնաբան Յինանջը։

Էրդողանը գերադասում է հուժկու հակահարվածների մարտավարությունը։ Հիմա էլ նա շատ վճռական է տրամադրված, սակայն արդյո՞ք այդ ոճը կաշխատի` եթե քննիչներն ապացուցեն կոռուպցիայի փաստերը։ Դրա պատասխանը կտան թուրքերը 2015-ին` ընտրատեղամասերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG