Մատչելիության հղումներ

logo-print

Բողոքի ակցիա՝ ընդդեմ «ստրկական համաձայնագրերի»


Կեսօրին Ազգային ժողովի դիմաց Ռուսաստանի հետ ստորագրվելիք գազի համաձայնագրի դեմ բողոքի ակցիա անցկացնող շուրջ 100 ակտիվիստներ իրենց ձայնը լսելի դարձնելու համար մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան։

Կարճ ժամանակ անց հայտնվեցին ոստիկանության լրացուցիչ ուժեր, ովքեր ուժի գործադրմամբ բացեցին պողոտան։ Ակտիվիստները սկսեցին «Ինքնիշխան Հայաստան» և «Որոշողը մենք ենք» վանկարկել։

Արդյունքում մոտ 10 ակտիվիստների բռնությամբ նստեցրին ոստիկանական մեքենաների մեջ։ Նրանց այնտեղ պահեցին մոտ կես ժամ, ինչից հետո ազատ արձակեցին։ Մեքենայում մնաց միայն մեկը, ով ինչպես փոխանցեցին ազատ արձակվածները, քթին հարված էր ստացել և այդ պահին բուժօգնություն էր ստանում։

Երթևեկությունը վերականգնելուց հետո ոստիկանները ցուցարարներին հրելով տեղափոխեցին դեպի մայթ, որտեղ էլ օղակ կազմեցին։ Անգամ լրագրողներին թույլ չէր տրվում դուրս գալ այդ օղակից, մինչդեռ ոստիկանները նման վարքագծի անհրաժեշտությունը չէին բացատրում։

Մոտ 20 րոպեից ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. այդ պահին ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին, մոտենալով փոխոստիկանապետին, սկսեց բղավել և պահանջել, որ բացեն ճանապարհը։ Օսիպյանը ի պատասխան Գասպարիին խորհուրդ տվեց դիմել հոգեբույժի։ Ցուցարարների այն հարցերին, թե ինչ օրենքով են ոստիկանները ցուցարարներին օղակի մեջ վերցրել, նա պատասխանելու փոխարեն հրամայեց ոստիկաններին բացել մայթը։

Քիչ անց Վարդգես Գասպարին բերման ենթարկվեց, ինչպես ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, կարգը խախտելու համար։

Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ իրենք դուրս են եկել պայքարի, քանի որ գազի վերաբերյալ համաձայնագրերը սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը և սպասարկում են միմիայն ռուսական կողմի շահերը։
«Այս համաձայնագրերը կարելի է անվանել ստրկական համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության համար։ Ըստ այս համաձայնագրի՝ ՀՀ-ում գազի ոլորտում գործունեություն ծավալող միակ ընկերությունը 30 տարով դառնում է «Գազպրոմը»»,- ասաց Կիվիրյանը։

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ եթե այս պայմանագրերը վավերացվեն, ապա դրան դեմ քվեարկած խմբակցությունները պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկեն։

«Հիմա է այն պահը, երբ այդ կուսակցությունները պիտի ընդունեն այդ կարևոր որոշումը՝ իրենք շարունակո՞ւմ են հանցավոր խորհրդարանում մնալ, թե՞՝ դուրս են գալիս»,- ասաց նախկին թեկնածուն։

«Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը նույնպես կարծում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է վայր դնեն մանդատները և դուրս գան այն խորհրդարանից, որը վավերացնում է այս համաձայնագրերը։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կառավարությունը ԱԺ-ի արտահերթ նիստ նախաձեռնելու մասին հայտարարեց մինչ Սահմանադրական դատարանի կողմից փաստաթղթերը սահմանադրական ճանաչելը։

«Չունենալով ՍԴ-ի որոշումը՝ ՀՀ կառավարությունը արդեն իսկ հայտարարել է այս պայմանագրերը վավերացնելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Սա նշանակում է, որ բարձր մակարդակից, իսկ այդ բարձր մակարդակը այլևս Բաղրամյան 26-ը չէ, դա Կրեմլն է, գուբերնատորին ցուցում ենք տվել, գուբերնատորն էլ իր ենթակաների ցուցում տվել, և նրանք, այսօր տոնական խոզի բուդ առնելու և այլ գործերը հետաձգելով, նիստ են գումարել»,- ասաց Սաֆարյանը։

Բողոքի ցույցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը, որտեղ ասվում է, որ այս պահին բերման ենթարկվածները երկուսն են՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG