Մատչելիության հղումներ

Քիմիկոսների դատավճիռը ութ ամբաստանյալների մասով չփոխվեց


Վերաքննիչ քրեական դատարանը Մհեր Արղամանյանի նախագահությամբ հրապարակեց քիմիկոսների գործով դատավճիռը՝ անփոփոխ թողնելով Շենգավիթի առաջին ատյանի դատարանի որոշումը ինը ամբաստանյալներից ութի մասով:

Վերաքննիչը մեկ տարով պակասեցրեց միայն 54-ամյա Հակոբ Համբարձումյանի պատիժը: Թմրամիջոց պատրաստելու և իրացնելու մեջ մեղադրվող Հակոբ Համբարձումյանն այսօրվա որոշմամբ, 10 տարվա փոխարեն դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նրա պաշտպանն ավելի վաղ ներկայացրել էր փաստաթուղթ, ըստ որի՝ Համբարձումյանը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:

Վերաքննիչ դատարանը, ըստ մեղադրական եզրակացության, չպարզված հանգամանքներում և չպարզված քանակությամբ թմրամիջոց պատրաստելու և չպարզված անձանց իրացնելու մեջ մեղադրվող մյուս ութ ամբաստանյալների մասով դատավճիռը թողեց նույնը։

Շենգավիթի առաջին ատյանի դատարանը հունիսին «Քիմտեխ» գիտեհատազոտական ինստիտուտի տնօրեն Սամվել Խաչատրյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման: Առաջին ատյանը 10 տարվա ազատազրկման էր դատապարտել «Քիմտեխ»-ի հետ առնչություն ունեցած 46-ամյա Արմեն Բաղդասարյանին, ինչպես նաև 61-ամյա Աղվան Վարդանյանին, 58-ամյա Աշոտ Առաքելյանին, 38-ամյա Արմեն Լեպեջյանին: 65-ամյա Սամվել Համբարձումյանը, և 78-ամյա Սիրաժ Ղամբարյանը, ըստ Վերաքննիչ դատարանի որոշման, պետք է կրեն 7.5 տարվա, 65-ամյա Արա Ռոստոմյանը՝ 8 տարվա ազատազրկում: Ամբաստանյալներից 4-ի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Դատավճիռը զայրացրեց ամբաստանյալ Աղվան Վարդանյանին.- «61 մարդուն տասը տարի դատում են՝ առանց հիմքերի, առանց փաստերի, առանց ամաչելու։ Դատական նիստերը ծախված են»,- ասում էր նա։

Ամբաստանյալները հայտարարում էին, որ ամեն դեպքում փորձելու են Վճռաբեկ դատարանում արդարության հասնել:

10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առաքելյանի 14 հիվանդություններից 4-ը կառավարության սահմանած չափանիշներով համատեղելի չեն ազատազրկման պայմաններին: Բայց նրա խափանման միջոցն այդպես էլ չփոխվեց: Պաշտպան Գագիկ Պապոյանն ասում է՝ այս գործը Եվրոպական դատարանում կհանգուցալուծվի ընդդեմ կառավարության։

«Նրան՝ որպես խոշտանգվողի, հաստատ Եվրադատարանը ուշադրություն կդարձնի։ Բայց հարց է մնում, թե Աշոտ Առաքելյանի առողջությունը կների՞ մինչև Եվրադատարանում այդ հարցի քննարկումը»,- ասաց պաշտպանը։

10 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Լեպեջյանի պաշտպան Գագիկ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Լեպեջյանը Վճռաբեկ դատարան դիմելու՝ իրավական հիմքեր ունի։

«Ես երեկ միջնորդեցի, որպեսզի կատարվի փորձարարություն՝ պարզելու համար վերջապես այդ նյութը, որի համար այս մարդկանց միջինը տասը տարի են դատապարտում, հնարավո՞ր է Հայաստանում ստանալ, թե՝ ոչ, և մասնավորապես իրենց նկարագրած տեխնոլոգիայով, իրենց ունեցած ապարատուրայով։ Մի՞թե դատարանը չպետք է պարզի այդ հարցը։ Առանց իմ միջնորդության էլ դա դատարանը պարտավոր էր անել»,- ասաց Բաղդասարյանը։

Արմեն Լեպեջյանը, ըստ գործի նյութերի, ունի 4-ամյա կրթություն: Բայց նա իր ցուցմունքներում նկարագրել է քիմիական բարդ ռեակցիաներ՝ նշելով նյութերի անուններն ու փոխազդեցության մանրամասները:

Օրգանական դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանը, «Ազատության» հետ զրույցում անհավանական համարեց, որ 4-ամյա կրթություն ունեցողը կարող էր քիմիական փոխազդեցությունների մասին նման բացատրություններ գրել:

«Մեղադրականի քիմիական հատվածը տեղ-տեղ այնքան էլ հասկանալի չեն քիմիկոսին։ Քիմիկոս մասնագետը ուրիշ կերպ կձևակերպեր»,- ասաց Թոփուզյանը։

Քրեական գործի հիմքում դրված մեղադրական ցուցմունքներից մեկի հեղինակը՝ վկա Արտակ Մանուչարյանը դատարանին հայտնել էր, թե նախաքննության ժամանակ ցուցմունք տալիս եղել է թմրանյութի ազդեցության տակ, իսկ ցուցմունքը գրել է քննիչը:

Հիշեցնենք՝ երեկ ամբաստանյալ Աշոտ Առաքելյանը պնդեց, որ կա իր և քննիչի խոսակցության ձայնագրությունը, որն ապացուցում է, որ քննիչ Արթուր Մելիքյանը ևս շինծու է համարել իր իսկ կազմած գործը՝ պնդելով, որ ճնշումներ են եղել:

Ամբաստանյալների հարազատների բացատրությամբ՝ այս գործի հարուցման պատճառն այն է, որ ոստիկանությունը փորձում է ցույց տալ, թե պայքարում է թմրամիջոցների դեմ:

Վերջին տարիներին ոստիկանությունը արտաքին աղբյուրներից ֆինանսական հատկացումներ է ստանում պայքարի համար: Համացանցում առկա տվյալներով, միայն ամերիկյան կառավարութունը 150 հազար դոլար արժողությամբ գրասենյակային և համակարգչային նոր սարքավորումներ էր հանձնել Հայաստանի ոստիկանությանը: Բարեփոխումներ կատարելու նպատակով ԵԱՀԿ-ն ևս խոշոր գումարներ է հատկացրել ոստիկանությանը:
XS
SM
MD
LG