Մատչելիության հղումներ

ՄԻՊ զեկույցից հետո «կպակասի դատական համակարգի նկատմամբ վստահությունը»


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին` կարծիք հայտնեց, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունն է'լ ավելի կպակասի:

«Ամենագլխավոր գործոնը դա վստահությունն է, որի պակասը կա: Բայց եկեք ինքներս նայենք. մենք ի՞նի ենք արել, որ այդ վստահությունն ընդհանրապես բարձրանա: Հիմա այս զեկույցից հետո պատկեր է [ստեղծվել], որ բոլոր դատավորները, ներողություն եմ խնդրում, այնտեղ իմ ընկերներն էլ կան, սրիկաներ են: Այս զեկույցը, որ կարդում ես, այդ տպավորությունն է»:

Նախարարը հայտարարեց, որ եթե ինքը լիներ Մարդու իրավունքների պաշտպանը, այդպիսի զեկույց չէր գրի և փաստարկեց. - «Որովհետև Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրներից մեկը առկա խնդիրների լուծման հնարավոր ճանապարհներն են, իսկ այս պահի դրությամբ մենք ունենք հետևյալ պատկերը. հասարակական անվստահության աստիճանի բարձրացում, այս զեկույցը այնքան սուր է, որ դատական իշխանությունը ոզնու նման կծկվելու է և ասեղներ է ցույց տալու ընդհանրապես բոլորին, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանին: Եվ հասարակության մեջ արմատավորվելու է այն կարծիքը, որ այստեղ, բացի վիրահատական միջամտությունից, ցանկացած այլ բարեփոխումներ ձախողման են մատնված, ոչինչ հնարավոր չէ անել»:

Թովմասյանի ենթադրությամբ` սրանք են այն հետևությունները, որ կարող է անել շարքային քաղաքացին ՄԻՊ արտահերթ զեկույցից:

«Թեպետ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով ինքը իրավունք ունի իր աղբյուրները չհրապարակելու: Բայց դրանք բավականին եզրային են, երբ դու վերլուծություններ ես անում, հիմքում դնում ես սոցիոլոգիական հարցումները, ու կոնկրետ դրանք ըստ էության մեղադրանքի են անցնում», - ասաց նա` հավելելով, որ, այդուհանդերձ, դա «մտահոգ մարդու» զեկույց է:

Մարդու իրավունքների պաշտպանն այդ զեկույցում, ի թիվս բարձրացրած այլ հարցերի, կասկածի տակ էր առել Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, հրապարակել են «դատական կաշառքի» սակագներ, որոնք, ըստ պաշտպանի, տատանվում են 500 - 50 000 դոլարի սահմաններում:

Խոսելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում և Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունների գործերի վերաբերյալ հնչող քննադատությանը` նախարարն ասաց, որ եթե հասարակության լայն շրջանակի մոտ կասկածներ են մնում, նշանակում է լրջագույն անելիքներ կան. պետք է ավելի հրապարակային աշխատեն դատախազությունը և քննչական մարմինները:

«Բայց դուք միշտ հաշվի առեք, որ իրենք ունեն նախաքննության գաղտնիության սկզբունք, մյուս կողմից` կա հանրային ճնշում` այդ բոլոր փաստերի մասին իրականությունը վեր բարձրացնելու: Այս երկուսի շրջանակում որքանո՞վ է հնարավոր լինում դա անել: Միգուցե ես այստեղ տեսնում եմ խնդիրներ:Լ Մյուս կողմից էլ, կրկնում եմ, դժվար է այս հարցերում ընդունել այնպիսի որոշում, որը հարյուր տոկոսով բոլոր հարցերը կփակի»:
XS
SM
MD
LG