Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՄԶԳ-ն 149 հազար դոլար է հատկացնում պարտադիր կուտակայինի իրազեկման համար


ԱՄՆ ՄԶԳ-ն 149 հազար դոլար է հատկացնում պարտադիր կուտակայինի իրազեկման համար
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

ԱՄՆ ՄԶԳ-ն 149 հազար դոլար է հատկացնում պարտադիր կուտակայինի իրազեկման համար

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի իրազեկման աշխատանքների համար 149 հազար դոլար կհատկացվի այն ժամանակ, երբ մոտ տասը օրից դժգոհության մեծ ալիք բարձրացրած համակարգը ներդրվելու է, և մարդիկ արդեն պետք է իրազեկված լինեին՝ ինչ ֆոնդ ընտրել և ինչպես։

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հետ երկու դրամաշնորհային համաձայնագիր կնքեց, որից մեկն էլ վերաբերում է ընթացիկ կենսաթոշակային համակարգին։

Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորում է քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը, իսկ օրենքի վերաբերյալ առաջացած դժգոհությունները բացատրում է ինֆորմացիայի պակասի, անորոշության և ոչ մասնագիտական ընկալման հետևանք։

«Ազատության» հարցին, թե ուշացած չէ արդյոք իրազեկման համար տրամադրվող գումարը, նախարարը պատասխանեց, որ տասը տարի է այն արդեն քննարկվում է ամենատարբեր շրջանակներում։ Ըստ Ասատրյանի՝ այլ խնդիր է, որ հասարակական պահանջարկը բարձր չի եղել։

«Մենք նախկինում իրականացրած աշխատանքները պետք է կրկնապատկենք։ Այն որ այսօր քաղաքական պատասխանատվություն ենք վերցրել, որպեսզի իրականացնենք այս բարեփոխումը, սա միակ ճիշտ ճանապարհն է»,- ասաց նախարարը։

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը նույնպես տեղյակ է, որ քաղաքացիների մի զգալի խմբի մոտ նոր օրենքը դժգոհություն է առաջացրել։ Պատասխանելով «Ազատության» հարցին, թե համակարգը ներդնելիս արդյոք ուշադրությո՞ւն չի դարձվում երկրի ներկա սոցիալ-տնտեսական վիճակին, տիկին Հիլիարդը պատասխանեց, որ տեղյակ է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներից, սակայն հավատացած է, որ դրանք լուծելու համար պետք է հեռանկարային քայլեր ձեռնարկվեն։

«Ես հասկանում եմ, դժվար է սեփական գրպանից վճարել այդ գումարը, երբ կան բազմաթիվ ծախսեր, երեխաների կրթություն, նրանց հագուստ և այլն, բայց ավելի լավ է այսօր մի քիչ վճարել, այսօրվանից մի քիչ կուտակել, որպեսզի կենսաթոշակային տարիքին հասնելու ժամանակ չմտածել՝ «ինչպես ենք հիմա ապրելու»»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը։

Հիլիարդը հավելեց, որ համակարգը ներդրվել է Չիլիի օրինակով. օրենքի ներդրման ժամանակ Չիլին միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր էր։

Օրենքին ընդդիմացող տնտեսագետները, սակայն, պնդում են, որ Չիլիում պարտադիր կուտակային համակարգի մասնակիցները ազատվել են եկամտահարկից։ Այս դիտարկմանը Հիլիարդը արձագանքեց, որ այս առանձնահատկությունների մասին խոսել չի կարող, սակայն տեղյակ է, որ այդ հարցերը քննարկվում են։

«Եկամտի և սոցիալական հարկի հարաբերակցության մենք անտարբեր չենք»,- ասաց նա։

Մինչդեռ նախարար Ասատրյանը այս խնդիրն արդեն լուծված է համարում.- «Հինգ տոկոս վճար կատարող երիտասարդին պետությունը հավաքված եկամտային հարկից լրացնում է, որպեսզի աշխատավարձի տասը տոկոսը կուտակվի իր ծերության ապահովման համար։ Դա նշանակում է, որ կիսվում է նաև երիտասարդի բեռը»։
XS
SM
MD
LG