Մատչելիության հղումներ

Քիմիկոսները վկայակոչում են քննիչի հայտարարությունը՝ «շինծու» գործի մասին


Քիմիկոսները պնդում են, որ քննիչն էլ է գործը շինծու որակել
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00
Քիմիկոսների գործով մեղադրվող, թմրանյութ պահելու և իրացնելու համար Շենգավիթի առաջին ատյանի դատարանի դատավճռով 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առաքելյանն այսօր Վերաքննիչ դատարանին միջնորդեց ուսումնասիրել իր և քննիչ Արթուր Մելիքյանի հեռախոսազրույցը:

Ըստ 58-ամյա Աշոտ Առաքելյանի, հեռախոսազրույցը քիմիկոսների դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելու վառ ապացույցն է․- «Քննիչն էլ գիտե, որ այս գործը շինծու է և ինքն էլ է եղել ճնշումների տակ: Ասում է՝ ինձ էլ են խաբել, ես դիմումս գրել եմ, ազատվել եմ: Բա մե՞նք ում դիմում գրենք ազատվելու համար: Հեռախոսով զրուցել են և իմ ու իր խոսակցությունը ձայնագրել են»:

Մեղադրող Վիգեն Միլիտոսյանը հակադարձեց․ - «Եթե նման ձայնագրություն կա, պաշտպանի միջնորդությամբ կարող եք ներկայացնել ձայնագրությունը իրավապահ մարմիններին: Ընթացակարգով իրավական դիրքորոշումը կարտահայտվի»:

Մյուս ամբաստանյալները ևս պնդում էին, որ հարկ է քննիչի ասածը դարձնել քննության առարկա: Քրեական գործ սարքելու պնդումները հիմնավորելիս՝ 10 տարվա ազատազրկման դատապարտված 61-ամյա ամբաստանյալ Աղվան Վարդանյանը պնդեց, որ դատարանը պետք է ի վերջո պարզի՝ քննի՞չն է կեղծիքներ կատարել, թե՞ իրենք իսկապես թմրանյութ են շրջանառության մեջ դրել և իրացրել:

Դատարանն ի վերջո մերժեց միջնորդությունը: Նույն հաջողությամբ մերժվեց նաև կրկնակի դատաքիմիական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը, թեև պաշտպանական կողմը պնդում էր, որ քրեական գործում առկա երկու եզրակացությունների մեջ հակասական տեղեկություներ կան: Պաշտպան Գագիկ Նիկողոսյանը նաև պնդում է, որ փորձագետներին հարկադրել են մեղադրանքի համար անհրաժեշտ ցուցմունքներ տալ:

Թմրամիջոցի պատրաստման և իրացման մեջ մեղադրվող «Քիմտեխ» գիտահետազոտական ընկերության տնօրենի և նույն ձեռնարկության հետ առնչություն ունեցող 8 այլ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացության համաձայն, ամբաստանյալները պատրաստել են, ամֆետամին տեսակի թմրամիջոց՝ իրացնելու նպատակով:

Գործում, մասնավորապես մեղադրական եզրակացության մեջ, հաճախակի կարելի է հանդիպել «չպարզված հանգամանքներ» արտահայտությանը: Եթե հանգամանքները չեն պարզվել, ի՞նչ հիմքով են մարդկանց մեղադրանք առաջադրել և դատապարտել 12 տարվա՝ այս հարցադրումը կա Սամվել Խաչատրյանի պաշտպան Վարդան Նիկողոսյանի վերաքննիչ բողոքի մեջ: Պաշտպանը նաև վկայակոչում է ՄԱԿ-ի 1961թ. Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիան, ըստ որի՝ ամֆետամինը ընդգրկված է հոգեմետ նյութերի ցանկում և թմրամիջոց չի հանդիսանում: Հայաստանը կոնվենցիային միացել է 1993 թվականին:

Պաշտպանական կողմը պնդում է, որ գործում առկա են բազմաթիվ իրավախախտումներ: Բացի այն, որ ամբաստանյալները հայտարարել են ինքնախոստովանական ցուցմունքներ գրելու պահին պաշտպան ունենալու իրավունքից զրկված լինելու մասին, նաև պնդում են, որ էլեկտրաշոկի, ծեծի, բռնությունների, խոշտանգումների միջոցով ցուցմունքներ են կորզել: Դատարանում ամբաստանյալները հրաժարվել են նախաքննական բոլոր ցուցմունքներից:

Պաշտպան Վոլոդյա Խաչատրյանն այսօր էլ դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ վկա Արտակ Մանուչարյանը դատարանում պնդել է, որ քննիչի մոտ ցուցմունքի արձանագրման պահին եղել է թմրանյութի ազդեցության տակ, ցուցմունքը գրել է քննիչը, ինքը առանց կարդալու ստորագրել է: Հենց այս վկայի ցուցմունքի ուժով էլ նախաքննական մարմինը հաստատել է մեղադրականը, «Քիմտեխի» աշխատակիցներին, այդ թվում՝ գիտնականների, առաջին ատյանի դատարանը դատապարտել է մինչև 12 տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը քիմիկոսների գործով մեղադրվող 9 ամբաստանյալների վերաբերյալ դատավճիռը կհրապարակի վաղը:

Հիշեցնենք՝ այս գործով նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի դատավճիռը Մատաղիսի գործով, տարիներ առաջ բեկանվել էր Վճռաբեկ դատարանում՝ բազմաթիվ իրավախախտումների վկայակոչումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG