Մատչելիության հղումներ

«Մերձեցումը Ռուսաստանի հետ միայն կվնասի Ուկրաինային»


Եվրաինտեգրման կողմնակիցների ցույցը Անկախության հրապարակում, Կիև, 19 դեկտեմբերի, 2013թ.

«Ֆայնենշլ Թայմսի» վերլուծաբանների համոզմամբ, Արևմուտքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինայի ընդդիմությանը։

Արևմուտքի փորձագետների կարծիքով, հրաժարվելով եվրոպական ինտերգումից և նախընտրելով ռուսական կողմնորոշումը, Կիևը կարճատև հեռանկարի կտրվածքով որոշ օգուտներ է քաղում, սակայն ի վերջո Ուկրաինան կհայտնվի ավելի վատ կացության մեջ։

«Ֆայնենշլ Թայմսի» խմբագրակազմի վերլուծության համաձայն, Վլադիմիր Պուտինը և Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի և Ուկրաինայի շահերի հաշվին են բավարարել իրենց քաղաքական ամբիցիաները։

Խոշոր վարկի և գազի սակագնի իջեցման խոստումների դիմաց Պուտինը համոզել է Յանուկովիչին հրաժարվել եվրոպական ինտեգրումից և այդպիսով պահպանել է իր երազանքը` Եվրամիության մրցակից Եվրասիական միություն կայացնելու հնարավորությունը։

Ընդունելով եվրաինտեգրումից հրաժարվելու` Կրեմլի պայմանները, Յանուկովիչը ստացել է 2015 թվականին վերընտրվելու, իր ազգականների` ապօրինի եղանակով դիզած հարստությունները պահպանելու և քաղաքական-տնտեսական բարեփոխումներից խուսանավելու հնարավորություն։

Պուտինն ու Յանուկովիչը դեռ պետք է սպասեն ու հուսան, որ իրավիճակը Մայդանում կհանդարտվի։ Բարդ դրության մեջ է Յանուկովիչը` եթե ուժով ցրի ցույցերը, Եվրամիությունն անմիջապես պատժամիջոցներ կսահմանի, իսկ Ուկրաինան էլ ավելի կխորասուզվի ռուսական ազդեցության տիրույթ, որտեղ համատարած կոռուպցիա է, անարդար ընտրություններ, օրենքի ոտնահարում և հակաարևմտյան, հակաազատական գաղափարախոսություն։

Բայց, ինչպես «Ֆայնենշլ Թայմսի» վերլուծաբաններն են նկատում, կա հուսադրող հանգամանք` մեծ է հավանականությունը, որ Պուտինի այս նվաճումն ընդամենը «Պյուռոսյան հաղթանակ» է, քանի որ խարխուլ տնտեսություն ունեցող Ռուսաստանի համար դյուրին չի լինի 15 միլիարդ դոլար տրամադրել Ուկրաինային, իսկ գազի սակագնի իջեցման հետևանքով 5 միլիարդ դոլարի կորուստը ծանր հարված է Ռուսաստանի եկամուտների զգալի մասն ապահովող «Գազպրոմի» համար։

Եթե Յանուկովիչը հրաժարվի բարեփոխումներից, ապա մեկ-երկու տարի անց Ուկրաինան վերստին կհայտնվի դեֆոլտի վտանգի առաջ։ Ոչ մի փող, ոչ մի հալածանք չի ստիպի ուկրաինացիների երիտասարդ սերնդին հրաժարվել եվրաինտեգրման գաղափարից, արևմտյան ազատությունների և բարեկեցության երազանքից։

21-րդ դարում Եվրոպայում մենիշխանության և կոռուպցիայի կայսրություն ստեղծելու փորձը միևնույն է` վաղ թե ուշ կձախողվի։ Արևմուտքը պարտավոր է շարունակել աջակցությունը Ուկրաինայի ընդդիմությանը և հստակ հայտնել Յանուկովիչին, որ ընդդիմության նկատմամբ հալածանքների և բռնաճնշումների համար պատիժ կլինի։

Ինքը Յանուկովիչը դեռ տեղ է թողնում եվրաինտեգրման համար։ Իր երեկվա ասուլիսում նա հայտնել է, որ իր համար կարևորը երկրի տնտեսական ապագան է։

«Եթե տեսնենք, որ պայմանները բարենպաստ են, շահավետ են և մենք կկարողանանք պաշտպանել մեր ազգային շահերն, ապա իհարկե դրական կարձագանքենք Եվրամիության հետ առավել սերտ կապ հաստատելու պայմանագրի առաջարկին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG