Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները պնդում են՝ բանակում իրավիճակը չի փոխվել


Ըստ իրավապաշպանների վիճակագրության, այս տարի բանակում գրանցվել է մահացության 31 դեպք։

Հայաստանյան իրավապաշտպանները արձանագրում են, որ 2013 թվականը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ավելի վատթար տարի էր, քան նախորդներն էին։

Բանակում ևս իրավիճակը չի փոխվում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին իրավապաշտպանները։ Զինված ուժերում մարդու իրավունքները շարունակվում են խախտվել և հատկապես խախտումների թիրախ են դառնում շարքային զինծառայողները։

Իրավապաշտպանների տվյալներով, այս տարի նախորդ տարվա համեմատ զինված ուժերում մահացությունների թիվը նախորդից թեև պակաս է, բայց իրավիճակը ուժային այս կառույցում շարունակում է մտահոգել նրանց։ Ըստ նրանց վիճակագրության, այս տարի բանակում գրանցվել է մահացության 31 դեպք, որոնցից 5-ը տեղի է ունեցել հրադադարի խախտման պատճառով, իսկ 8-ը քննչական ծառայության կողմից որակված է որպես ինքնասպանություն։ Մնացած դեպքերում զինվորները սպանվել են ծառայակիցների կողմից, կամ մահացել են վթարների հետևանքով և այլ պատճառներով։ 2012-ին բանակում գրանցվել էր մահացության 50 դեպք։

«Զորամասերում բռնի մթնոլորտը շարունակվում է։ Եթե անգամ ենթադրենք, որ դա ինքնասպանություն է և իրավիճակը բանակում բացարձակապես փոփոխության չի ենթարկվում։ Չեմ էլ կարծում, որ Սեյրան Օհանյանը առհասարակ մտածում է բարեփոխումների մասին»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Իրվապաշտպանները կասկածներ ունեն, որ հաճախ որպես ինքնասպանություն որակված դեպքերի հետևում սպանության հետքեր են թաքնված։ Արթուր Սաքունցը շարունակում է քննադատությունը՝ խոստանալով կոնկրետ փաստեր ներկայացնել։

«Յուրաքանչյուր 10 ինքնասպանության դեպքից ինը սպանությունը է։ Կոնկրետ փաստերով ցույց կտամ, որ նախաքննական մարմինը նույնիսկ այսպես կոչված ինքնասպանությունը չի հիմնավորում, ընդհանրապես դրան չի անդրադառնում, ավելին կրակոցի հետքերը ակնհայտորեն ցույց են տալիս, որ սպանություն է տեղի ունեցել, երեք գնդակով ինքնասպանություն չի լինում»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանները շարունակում են հայտարարել, որ բանակում արդեն արատավոր ավանդույթ է դարձել մահվան դեպքերի համար պատասխանատվության ենթարկել միայն շարքային զինծառայողներին՝ պատժից զերծ պահելով սպայական կազմին։

«Հրամանատարները անձեռնմխելի են»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը։

Բանակում տիրող անպատժելիության մթնոլորտի մեղավորների շարքում Սաքունցը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից բացի, մատնանշում է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ով բանակում զինվորական ծառայության անմիջական պատասխանատուն է։ Գլխավոր մեղավորը, սակայն, Սերժ Սարգսյանն է, ասում են նրանք։

«Սեյրան Օհանյան պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակողն է, զինվորական ծառայության անմիջական կազմակերպման համար պատասխանատու է գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը, և այդ մարդը անընդհատ մնում է թաքնված»,- ասում է Սաքունցը։

«Ես կարծում եմ, որ պետք է շեշտել նաև գերագույն գլխավոր հրամանատարի անունը, դա Սերժ Սարգսյանն է»,- հավելում է Ալեքսանյանը։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ բանակում մահացությունների վիճակագրությունը դեռևս չեն ամփոփել, բայց կարող է ասել, որ նախորդ տարվա համեմատ այն պակասել է 25-30 տոկոսով։

«Նախարարությունը անում է հնարավորը, մահացության դեպքերը կանխարգելելու համար, ամեն մի դեպք մեզ համար ցավոտ է»,- ասում է պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG