Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանն այսօր գտավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի օրը ստորագրված գազային երեք համաձայնագրերը համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը:

«Եթե Սահմանադրական դատարանը նման որոշում կայացնի, ապա կառույցը պետք է լուծարել», - երկու օր առաջ այդ համաձայնագրերին առնչվող խորհրդարանական լսումների ժամանակ, հիշեցնենք, հայտարարել էր Աժ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվեց այսօր, սակայն կառավարությունը համաձայնագրերի վավերացման հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու ցանկությունը հայտնել էր օրեր առաջ: Այս համաձայնագրերին վերաբերող հարցը ԱԺ վաղվա արտահերթ նստաշրջանում ընդգրկելու համար կառավարության նիստն այսօր սովորականից ուշ հրավիրվեց:

Ուշագրավ է, որ Հայաստանում դեռևս չհրապարակված այս փաստաթղթերն արդեն տեղադրված են ՌԴ կառավարության կայքէջում: Դրանցից պարզ է դառնում, որ հայկական կողմը պարտավորվել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության վերջին 20 տոկոս բաժնեմասի առքուվաճառքի պայմանագիրը «Գազպրոմ»-ի հետ կնքել մինչև հաջորդ տարվա հունվարի 17-ը: Դա է, թերևս, հայկական կողմի շտապողականության պատճառը:

Սահմանադրական դատարանն այսօր շատ արագ քննեց այդ համաձայնագրերի սահմանադրականության հարցը. դատարանի անդամները խորհրդակցական սենյակում ընդամենը րոպեներ անցկացրին` որոշումն արագ հրապարակելու համար: Միջպետական համաձայնագրերը խորհրդարանում քննարկման դնելու համար, հիշեցնենք, Սահմանադրական դատարանի եզրակացությունն անհրաժեշտ է:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը վտանգավոր են համարում այս համաձայնագրերը: Նրանց, մասնավորապես, մտահոգում են Հայաստանի ստանձնած պարտավորությունները, որոնց համաձայն` եթե Հայաստանը ռուսական գազ է գնում, ապա` միայն «Գազպրոմ»-ից, քանի որ Հայաստան գազի ներմուծման բացառիկ իրավունքը տրված է ռուսաստանյան այդ ընկերությանը:

Ընդ որում, այդ համաձայնագիրը գործելու է մինչև 2044 թվականը: Հայկական կողմը երաշխավորել է, որ 30 տարի «Գազպրոմ»-ի իրավունքներն ու շահերը Հայաստանում ենթակա չեն փոփոխությունների` առանց ռուսական կողմի նախնական համաձայնության: Հայաստանը պարտավորվել է օրենսդրություն չփոխել և չեղյալ չհամարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Համաձայնագրում նաև խոսվում է Հայաստանի տարածքում «Գազպրոմ»-ի ունեցվածքի` «ՀայՌուսգազարդ»-ի և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի, «անվերապահ ու լիակատար պաշտպանվածության մասին»: Ըստ համաձայնագրի` դրանք չեն կարող ենթարկվել «ուղիղ կամ անուղղակի ազգայնացման կամ բռնագրավման»:

«ՀայՌուսգազարդ»-ն ամբողջությամբ «Գազպրոմ»-ին փոխանցելուց հետո այդ ընկերությունը պայմանագրով կարող է նաև էլեկտրաէներգիա արտադրել` Հայաստանի տարածքում իրացնելու, նաև արտահանելու համար: Իրան - Հայաստան էլեկտրափոխանման ուղիների շահագործումից հետո Հայաստանն ապահովելու է ռուսական ընկերության` էլեկտրաէներգիայի արտահանման առաջնահերթ իրավունքը: «ՀայՌուսգազարդ»-ի մատակարարած ծառայությունների համար այնպիսի սակագներ են սահմանվելու, որ դրանք ապահովեն ռուսական ընկերության ներդրումների տարեկան 9 տոկոս վերադարձելիությունը: Երաշխիքներ մինչև 2044 թվականն են տրված, բայց գազի այսօրվա գինը, հիշեցնենք, գործելու է մինչև 2019 թվականը:

Ոչ իշխանական քաղաքական ուժերը մտավախություն ունեն, որ այս պայմանագրերն ամբողջությամբ սպասարկում են ռուսական շահը:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքով` նման պայմանագրերը միջազգային պրակտիկայում կոչվում են «ակտ կապիտուլյացիայի մասին»:

Ոչ իշխանական քաղաքական ուժերը մտավախություն ունեն, որ այս պայմանագիրն անբողջությամբ սահմանափակում է կողմերից մեկի բոլոր իրավունքները, հակասում է մեր Սահմանադրությանը` բազմաթիվ կետերով, և ամբողջությամբ սպասարկում է մյուս կողմի շահերը:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է մի խմբավորում, որը Հայաստանի Հանրապետության հաշվին, Հայաստանի Հանրապետության ժողովրդի հաշվին սպասարկում է ռուսական «Գազպրոմ» ընկերության շահերը: Ես դրանում խորապես համոզված եմ», - ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ով այս հարցով հայկական կողմի գլխավոր բանագնացն էր, այսօր դեմքի շատ գոհ արտահայտությամբ դուրս եկավ Սահմանադրական դատարանից:

«Որևիցե սահմանափակում մեր իրավունքների վրա չկա», - հայտարարեց նա:

Ազգայի ժողովի կողմից համաձայնագրերը վավերացնելու դեպքում Հայաստանի կառավարության` «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին կփոխանցվի հենց գազի կուտակած պարտքի դիմաց:
XS
SM
MD
LG