Մատչելիության հղումներ

Բաքուն՝ կրկին քննադատության թիրախում


Ադրբեջանցի ակտիվիստ Անար Մամադլի, արխիվ

Ադրբեջանցի ակտիվիստ Անար Մամադլի, արխիվ

Ադրբեջանցի ամենահայտնի քաղաքացիական ակտիվիստներից մեկի` Բաքվում գործող Ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամադլիի ձերբակալության հետևանքով պաշտոնական Բաքուն կրկին արևմտյան կառույցների և տեղական ընդդիմության կոշտ քննադատության թիրախ է դառնում:

Բաքվի Նիզամիի շրջանի դատարանը Մամադլիի նկատմամբ եռամսյա նախնական կալանք սահմանեց շաբաթասկզբին` նրա դեմ մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում:

Բաքվի դատախազությունն ընտրությունների դիտարկմամբ զբաղվող ամենահայտնի ադրբեջանցի ակտիվիստին մեղադրում է հարկերից խուսափելու, անօրինական գործարարությամբ զբաղվելու և ինչն ամենազավեշտալին է` հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունները կեղծելու մեջ: Այս վերջին մեղադրանքը հատկապես մեծ վրդովմունք առաջացրեց ադրբեջանցի ընդդիմադիրների և քաղաքացիական ակտիվիստների շրջանում, որոնք երեկ հավաքվել էին Բաքվում` Անար Մամադլիի պաշտպանության հասարակական կոմիտե ստեղծելու նպատակով:

Այս կառույցի հիմնադիրներից մեկը դարձավ Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերից «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

«Մամադլին կիրթ, խաղաղ, ինտելեկտուալ մարդ է, որին այսօր պատժում են քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերելու համար: Նա ընտրական գործընթացների ճանաչված փորձագետ է: Չնայած դրան՝ ադրբեջանական իշխանությունները պատրաստ են բանտ նետել ցանկացած մարդու, ով փոփոխություններ է ուզում երկրում, անգամ խաղաղ ճանապարհով: Մի սխալ տեսակետ է շրջանառվում, թե հնարավոր է աստիճանաբար բարեփոխել այս վարչակազմը: Հենց այդ քաղաքականությունն է հանգեցրել մի իրավիճակի, երբ երկրում 143 քաղբանտարկյալ կա», - հայտարարում էր Ժողճակատի առաջնորդը:

Նախագահական ընտրություններում ընդդիմության նախկին միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի կարծիքով էլ՝ Մամադլիի ձերբակալության գլխավոր պատճառը հենց հոկտեմբերին կայացած ընտրություններն էին․ - «Հոկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում իշխանությունն Ադրբեջանում հերթական անգամ բռնազավթվեց, և այժմ իշխանությունները բռնաճնշումների միջոցով փորձում են հանրությանը ստիպել համակերպվել ընտրությունների արդյունքների հետ»:

Մամադլիի ձերբակալությունը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել: Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված ակտիվիստին: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Յանեշ Լենարչիչի համոզմամբ էլ` «Մամադլիի ձերբակալությունը կասկածի տակ է առնում Ադրբեջանի քաղաքացիների` սեփական երկրում կազմակերպվող ընտրությունները դիտարկելու իրավունքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG