Մատչելիության հղումներ

logo-print
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Հիշողության կերպարանքներ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» խորագրի ներքո այսօր սկսվեց միջազգային երրորդ գիտագործնական համաժողովը:

Համաժողովից առաջ հրավիրված ասուլիսին Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը ներկայացրեց նաև համաժողովին մասնակից ԱՊՀ, բալթյան և եվրոպական երկրներից ժամանած հյուրերին, թանգարանային, գրադարանային, արխիվային հեղինակավոր հաստատությունների և վերականգնողական կենտրոնների առաջատար մասնագետների՝ շեշտելով, որ նրանք դարձել են Մատենադարանի լավագույն բարեկամները և վերջին տարիներին Մատենադարանում տեղի ունեցած հենց այս միջազգային գիտագործնական համաժողովների շնորհիվ իրենք շատ լավ արդյունքներ ունեն, հատկապես երիտասարդ գիտաշխատողները ձեռագրերի վերականգնման ասպարեզում փորձի փոխանակման լուրջ հնարավորություններ և գիտելիքներ են ստացել արտասահմանից ժամանած առաջատար մասնագետների շնորհիվ:

Արտասահմանից ժամանած գիտնականներն էլ իրենց հերթին շեշտեցին, որ իրենք մեծ սիրով են գալիս աշխատելու այստեղ՝ Մատենադարանում, որտեղ հսկայական քանակությամբ ձեռագիր ժառանգություն է պահպանվում թե՛ հայերեն, թե՛ օտար լեզուներով, և այս համաժողովները դառնում են գիտական հարթակ՝ շփվելու միմյանց հետ, մտքեր փոխանակելու աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականների հետ: Նրանցից մեկը նույնիսկ ասաց՝ դուք միայն հրավիրեք, մենք ոտքով էլ կգանք:

Դե իսկ Մատենադարանն էլ տարեց տարի համաժողովի մասնակիցներին ներկայանում է նոր ձեռքբերումներով:

«Այս տարի մենք զարմացնելու հնարավորություններ ունենք հատկապես թվայնացման բնագավառում, որովհետև շահել ենք մի շատ կարևոր մրցույթ, ձեռք ենք բերել լավագույն սքաներներից մեկը աշխարհում, որ այսօր պիտի ծառայի այդ գործին», - նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, - «Պիտի ասեմ նաև, որ երկու մեծ ծրագիր ենք նաև շահել նպատակային, մեկը՝ վերականգնման բնագավառում, հազվագյուտ, մեծադիր ձեռագրերի և հազվագյուտ փաստաթղթերի վերականգնման ուղղությամբ, և նաև լաբորատորիա ստեղծելու՝ մի հայագիտական լաբորատորիա ստեղծելու ծրագիր: Բայց այդ ծրագրերից բացի բոլոր խմբերը աշխատել են մեծ թափով, ստեղծագործական այս ընթացքը տվել է իր պտուղները»:

Ինչ վերաբերում է 2014 թվականին նախատեսված մյուս ծրագրերին՝ Հրաչ Թամրազյանը մանրամասնեց․ - «Դա Զմառի վանքի ձեռագրացուցակի՝ հսկայական մի մեծածավալ ծրագիր է՝ 1200 ձեռագիր նկարագրելու և 4 հատորյակներով տպելու: Դա նշանակում է, որ Մատենադարանը իր խորքային և բովանդակային աշխատանքները ընդլայնում է մեծապես և խնամակալ վերաբերմունք է տարածում արդեն ամբողջ հայկական ձեռագրական աշխարհի և ընդհանրապես արխիվային ժառանգության հետ կապված: Երկրորդ մեծածավալ ծրագիրը Արցախում՝ Գանձասարի վանական համալիրում, Մատենադարանի մասնաճյուղ ստեղծելու ծրագիրն է, որն ուղղակի զարմանալի ծրագիր է և հուսով եմ, որ երկրորդ տարի կիրագործենք»:շ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG