Մատչելիության հղումներ

«Կարծես թե կա փոխըմբռնում, և հնարավոր է մոտ ապագայում առաջընթաց»


Լեռնային Ղարաբաղ - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի և Ժակ Ֆորի հանդիպումը Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, Ստեփանակերտ,18-ը դեկտեմբերի, 2013թ․

Լեռնային Ղարաբաղ - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի և Ժակ Ֆորի հանդիպումը Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, Ստեփանակերտ,18-ը դեկտեմբերի, 2013թ․

Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավարի փոխանցմամբ՝ սա է հիմնական ուղերձը, որ ստացել են Ղարաբաղի ՀԿ-ների ներկայացուցիչները միջնորդների հետ հանդիպման ժամանակ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները վերջին տարիների ընթացքում թերևս առաջին անգամ հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա հանդիպումը դռնփակ էր, և կողմերը պայմանավորվել են մանրամասներ չհրապարակել:

Համանախագահների բավական անկեղծ զրույցը, ըստ Բաղդասարյանի, հուսադրող էր: Ընդհանուր առմամբ, միջնորդների ներկայացրած տեղեկությունները, Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավարի կարծիքով, սկզբունքային առումով չեն տարբերվում պաշտոնական տեղեկատվությունից:

«Որքան ես հասկացա, որոշակի աշխուժացում կա բանակցային գործընթացում, կա կողմերի պատրաստակամություն՝ հարցը կարգավորելու: Հիմնական ուղերձը, որ մենք ստացանք, այն էր, որ կարծես թե կա որոշակի փոխըմբռնում, և հնարավոր է մոտ ապագայում որոշակի առաջընթաց», - ասաց Գեղամ Բաղդասարյանը:

Այս հանդիպման անհրաժեշտության մասին Ղարաբաղում խոսվում է տարիներ շարունակ: Տեղի հասարակական դաշտի ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են, որ կտրված են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացից: Եվ այսօր կայացած հանդիպման գլխավոր նպատակը, ըստ Բաղդասարյանի, պաշտոնական բանակցությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների համատեղումն է:

«Արցախյան ՀԿ-ների ղեկավարները մի շարք առաջարկություններով են հանդես եկել, և կարծեք թե փոխըմբռնում եղել է համանախագահների կողմից: Համենայն դեպս, քանիցս ընդգծվել է քաղաքացիական հասարակության դերը ընդհանրապես խաղաղ գործընթացում», - ասաց Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավարը:
XS
SM
MD
LG