Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում կրկին կքննարկվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ


Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստերի դահլիճը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստերի դահլիճը:

Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի` առաջիկա ամիսներին կառավարությունը օրենսդիրներին է ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:

2011 թվականի դեկտեմբերին, հիշեցնենք, Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկությամբ հավանություն էր տվել ցեղասպանությունների (այդ թվում Հայոց ցեղասպանության) ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդը (2012 թվականի փետրվարին) չէր հաստատել այն:

Երեկվա հրապարակման մեջ պարբերականի կայքէջը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելը նախագահ Օլանդի նախընտրական հանձնառություններից է: Հաղորդվում է նաև, որ դիվանագիտական նկատառումներով որևէ պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ չի արվելու մինչև գալիք տարվա հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա կատարելիք այցը:

Օրինագծի մասին, ըստ Le Monde-ի, պաշտոնապես կհայտարարվի չորս ամիս հետո` Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցելության ժամանակ: Պարբերականը հավելում է, որ նման ժամանակացույցը թույլ կտա, որ օրինագիծը հաստատվի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին:
XS
SM
MD
LG