Մատչելիության հղումներ

Իգոր Պոպով․ «Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա գործընթաց»


Լեռնային Ղարաբաղ - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ղարաբաղի նախագահի և ԱԳ նախարարի հետ, Ստեփանակերտ, 17-ը դեկտեմբերի, 2013թ․

Լեռնային Ղարաբաղ - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ղարաբաղի նախագահի և ԱԳ նախարարի հետ, Ստեփանակերտ, 17-ը դեկտեմբերի, 2013թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երեքշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահի և արտգործնախարարի հետ:

Ստեփանակերտում երեկ օրվա երկրորդ կեսին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե գյուղատնտեսության և այլ խնդիրներից բացի իրենք նաև էական հարցեր են քննարկում Ղարաբաղ այցելության ժամանակ:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, մասնավորապես, ընդգծեց, որ իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկումն ընթացող քննարկումներում՝ քննարկում այն էական հարցերի շուրջ, որոնք շոշափվում են կողմերի միջև հանդիպման ժամանակ:

«Մենք ելնում ենք նրանից, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա այդ գործընթաց, որովհետև, վերջիվերջո, որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են: Մենք ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել բանակցություններին Ղարաբաղի վերադառնալու հարցը», - պարզաբանեց ռուսաստանցի համանախագահը՝ պատասխանելով բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին և հրադադարը պահպանելու ապարդյուն կոչերին՝ Իգոր Պոպովը հավաստիացրեց, որ այդ հարցը նույնպես քննարկում են, սակայն, իր խոսքերով, ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես ցանկանում են: «Շարունակում են մարդիկ զոհվել: Չնայած զոհերը բավականին քչացել են, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր զոհ մեծ կորուստ և ցավ է», - ընդգծեց նա:

Այսօր համանախագահները նախատեսում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունում շարունակել քննարկել շփման գծում տիրող իրավիճակի թեման և այն քայլերը, որոնք կարող են կայունացնել իրավիճակը սահմանում, նշեց Պոպովը:

Ադրբեջան այցելության ժամանակ ամերիկացի համանախագահի արած ուշագրավ հայտարարության վերաբերյալ լրագրողները Ջեյմս Ուորլիքից պարզաբանում խնդրեցին: Հիշեցնենք՝ «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության և «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում ամերիկացի դիվանագետը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր ներգրավմանը, ասել է. - «Թուրքիայի դերակատարության հարցը իմ իրավասության շրջանակում չէ: Դրա հետ մեկտեղ, ես չեմ բացառում, որ ինչ-որ մի պահի Թուրքիան կարող է որոշակի դերակատարություն ստանձնել»:

Ստեփանակերտում շարունակելով թեման՝ ամերիկացի դիվանագետն ավելացրեց. - «Ես չեմ կարող Թուրքիայի անունից խոսել, ես պարզապես հույս ունեմ, որ եթե Թուրքիան ցանկանա ինչ-որ դերակատարություն ունենալ, ապա այն պետք է լինի դրական բոլորի համար՝ տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման նպատակով»:

Ի պատասխան լրագրողների հիշեցման, թե Թուրքիան մինչև հիմա էլ հստակ մեկի կողմնակիցն է, ուստի ի՞նչ փոփոխություններ են ակնկալում պաշտոնական Անկարայից, Ջեյմս Ուորլիքը հավաստիացրեց, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամներն իրենց խմբի շրջանակներում անելու են ամեն ինչ, որպեսզի կարգավորումը լինի համապարփակ, և տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն: Ամերիկացի համանախագահն ընդգծեց նաև, որ «հայ - թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»:
XS
SM
MD
LG