Մատչելիության հղումներ

Բաքվում կնքվեց «դարի պայմանագիրը»


Ադրբեջան- «Շահ Դենիզ» հանքավայրում ներդրման պայմանագրի ստորագրման արարողությունը, Բաքու, 17-ը դեկտեմբերի, 2013

Ադրբեջան- «Շահ Դենիզ» հանքավայրում ներդրման պայմանագրի ստորագրման արարողությունը, Բաքու, 17-ը դեկտեմբերի, 2013

«Դարի պայմանագիր»՝ այսպես են անվանում Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև այսօր ստորագրված համաձայնագիրը, որով մեկնարկում է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլը:

Նախատեսվում է, որ արդեն 2014 թվականին գազի արդյունահանման ծավալները կավելացվեն 1 միլիարդ 400 միլիոն խորանարդ մետրով: 2019 թվականից սկսած եվրոպական երկրներ մատակարարվող ադրբեջանական գազի տարեկան ծավալները պետք է հասնեն 10 միլիարդ խորանարդ մետրի: Այս նպատակով Ադրբեջանն ու Բաքվի արևմտյան գործընկերները պատրաստվում են նաև Տրանս-Անատոլիական գազամուղ կառուցել, որը կարող է ռուսական «Հարավային Հոսքի» ուղղակի մրցակիցը դառնալ:

Թե ինչ կարևորություն են տալիս ադրբեջանական գազի արտահանման հեռանկարներին, վկայում է թեկուզ միայն այն հանգամանքը, որ հատուկ այսօրվա համաձայնագրի ստորագրմանը ներկա գտնվելու համար Բաքու էր ժամանել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ոիւլյամ Հեյգը:

«Սա լավ լուր է թե Ադրբեջանի, թե Միացյալ Թագավորության, և թե ողջ Եվրոպայի համար»,- հայտարարել է Հեյգը:

Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը, ով ևս ներկա էր համաձայնագրի ստորագրմանը, հատուկ ընդգծել է.- «Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին Եվրամիության գազի պահանջարկի 20 տոկոսը կլրացվի հենց Ադրբեջանից ստացվող վառելիքի հաշվին»:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համոզմամբ՝ «Շահ Դենիզ 2-ի շահագործումը կփոխի ողջ տարածաշրջանի էներգետիկ քարտեզը»:

Սխալ կլիներ, սակայն, կարծել, թե այս հավակնոտ նախագիծը մեկնարկեց առանց բարդությունների: Համաձայնագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ, օրինակ, հայտնի դարձավ, որ նախագծին մաս կազմող նորվեգական StatOil ընկերությունն ու ֆրանսիական Total-ը չեն պատրաստվում մասնակցել Տրանս-Անատոլիական գազատարի շինարարությանը: Սրան էլ գումարած ռուսական «Գազպրոմը» կարողացավ տապալել ադրբեջանական նախագծերից ևս մեկը՝ կանխելով Բաքվի մուտքը Հունաստանի էներգետիկ շուկա:

Նախատեսվում էր, որ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն այսօր ևս Բաքվում պետք է լիներ, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ պայմանագիր ստորագրելու, որով Հունաստանի գազաբաշխիչ ցանցերը տնօրինող DESFA ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսն անցնելու էր Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին: Ադրբեջանական կողմը պատրաստ էր այս գործարքի համար վճարել շուրջ 400 միլիոն եվրո:

Գործարքը, սակայն, տապալվեց ստորագրումից հաշված ժամեր առաջ, երբ Բաքու ուղևորվող Հունաստանի վարչապետի օդանավը ճանապարհի կեսից վերադարձավ Աթենք: Թեև պաշտոնական պատճառաբանությունը կառավարական օդանավի տեխնիկական անսարքությունն էր, բայց և այնպես հետագա իրադարձությունները վկայեցին, որ խոսքն իրականում Աթենքում կայացված քաղաքական որոշման մասին է: Հունաստանի վարչապետն Աթենքի օդանավակայան վերադառնալուց հետո ոչ թե փորձեց մեկ այլ՝ սարքին օդանավով մեկնել Բաքու, այլ պարզապես չեղյալ հայտարարեց այցը:

Դրանից մի քանի ժամ անց էլ հայտնի դարձավ, որ Հունաստանի ողջ գազային տնտեսությունը, այդ թվում՝ գազաբաշխիչ ցանցերը կարող է ձեռք բերել ռուսական «Գազպրոմը»: Հունական որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ ռուսական ընկերությունը պատրաստ է երկրի գազամատակարարման ողջ համակարգի համար վճարել առնվազն 1 միլիարդ եվրո:
XS
SM
MD
LG