Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսական ռազմաբազան ու գյումրեցիների սին հույսերը


Վերջերս Գյումրիում ռուսական ներկայությունը ավելի ու ավելի ընդգծված է դառնում. Իրար հետևից Ռուսական գրքի տուն, երաժշտական դպրոց, գրադարան բացվեցին։ Եվ հիմա, երբ խոսվում է նաև ռուսական ռազմաբազայում մինչև 3-5 հազարով զինվարականների թվակազմի ավելացման, իսկ սպայակազմի համար նոր բնակարանների կառուցման մասին, Գյումրին կարծես ավելի ռուսականացված քաղաք է հավակնում դառնալ։

Շատ է ընդգծվում ռազմաբազային առկայության տնտեսական շահավետությունը, որ ռուս զինծառայողներն աշխատավարձ են ստանում և դա Գյումրիում են շրջանառության մեջ դրվում։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տարածված այս տեսակետի հետ համաձայն չէ։

«Մի 2-3 տարի առաջ ռուս զինվորականները, որոնք աշխատավարձ էին ստանում, իրավունք ունեին քաղաքում այդ գումարները ազատ ծախսել և ծախսում էին։ Մի շատ տարօրինակ բան տեղի ունեցավ. Ռուսական իշխանությունները և ռազմաբազայի ղեկավարությունը որոշեցին, որ երկու տարի ծառայող զինվորականները այդ աշխատավարձը չեն ստանա։ Նրանք դա ստանում են քարտի վրա և դա նրանց տրվում է միայն օդանավակայանում՝ այստեղից թռչելիս։ Այսինքն ռուս զինվորականը էլ չի կարող այդ գումարը ծախսել։ Սա չի վերաբերում սպայական կազմին»,- ասաց Համբարյանը.- «Ռուսական ռազմաբազայի առկայությունը շատ թույլ է ազդում քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վրա»։

Եթե սկզբնական շրջանում ռուսական ռազմաբազայում նաև Հայաստանի քաղաքացիներ էին պայմանագրային հիմունքներով ծառայում, և դա ինչ-որ տեղ սոցիալական խնդիր էր լուծում, ապա վերջին տարիներին ռուսական կողմը կտրականապես արգելեց Հայաստանի քաղաքացիների ծառայությունը ռազմաբազայում։

Պարզվում է՝ ռազմաբազայի առկայությունից Գյումրին ոչ մի շահ չունի։ Ռազմաբազայի համար հագուստը, նույնիսկ սնունդը ներկրվում է Ռուսաստանից։ Այնինչ, ըստ Գագիկ Համբարյանի, ռազմական գործընկեր համարվող Ռուսաստանը պետք է մտածի նաև տնտեսական օգուտ տալու մասին, օրինակ, զինվորական հագուստը կարող է կարվել այստեղ, սննդամթերքն էլ կարող են գնել տեղի արտադրողից։

«Մեր իշխանությունները սա չեն պահանջում։ Պետք է նորմալ բացատրեն ռուսական կողմին, որ այսպիսի խնդիրներ ունենք, որ ժողովուրդը շատ չի ուրախանում ռազմաբազայի առկայությունից, որովհետև այդ ռազմաբազան սովորական ժողովրդին ոչ տաք է, ոչ պաղ...»,- ասում է Համբարյանը։

Քաղաքագետը միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը չի կարող վարել հակառուսական արտաքին քաղաքականություն.- «Բայց հասկացնել մեր ստրատեգիան գործընկերոջը, որ սա ոչ միայն հայերին է պետք, այլ նաև իրենց, սա արդեն մեր խնդիրն է»։
XS
SM
MD
LG