Մատչելիության հղումներ

Վարչական դատարանն այսօր սկսեց «Արմենիա Թուդեյ» վերլուծական կենտրոնի ղեկավար Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանության հայցի քննությունը: Ոստիկանությունը դատարանից պահանջում է նրան ենթարկել վարչական տուգանքի: Տուգանքի չափն այսօր չնշվեց: Բայց հոդվածը, որը վկայակոչում է ոստիկանությունը, ենթադրում է 50 հազար դրամ տուգանք:

Ոստիկանությունը պնդում է, թե Արգիշտի Կիվիրյանը սեպտեմբերի 4-ին՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից մեկ օր անց, բողոքի ակցիայի ժամանակ չի կատարել ոստիկանության ծառայողի «օրինական» պահանջը:

Կիվիրյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը հարցրեց՝ ո՞րն է այդ օրինական պահանջը, որ Արգիշտի Կիվիրյանը չի կատարել:

«Ազատել փողոցի երթևեկելի հատվածը»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչ Դիաննա Վարդանյանը: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ՀՀ նախագահի նստավայրի դիմացի փողոցը հատելուն:

Ոստիկանության մյուս ներկայացուցիչը՝ Մարթա Մելիքսեթյանը, մանրամասնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսը՝ Կարեն Հարությունյանը և Դավիթ Սանասարյանը, փորձել են մոտենալ նախագահականի դարպասներին, փորձել են նստել, ոստիկանները հորդորել են անցնել մայթը, իսկ ավելի ուշ փորձել են վարչական ձերբակալում իրականացնել այդ երկու քաղաքացու նկատմամբ: Իրավիճակի շարադրանքի շարունակությունից չպարզվեց, թե կոնկրտ ինչ է արել Արգիշտի Կիվիրյանը:

Իր հարցադրումներով միջամտեց Լուսինե Սահակյանը․ - «Ճիշտն ասած, լսեցի-լսեցի, բայց չկոնկրետացավ, թե Արգիշտի Կիվիրյանն ինչ է արել, ոստիկանների ո՞ր պահանջին չենթարկվելու համար է վարչական ձերբակալում իրականացվել»:

Հարցադրումները պնդեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը․- «Քանի որ պահանջը ներկայացվել է կոնկրետ անձի դեմ, խնդրում եմ, որ հստակեցվի անձին ներկայացված կոնկրետ զանցանքը»:

Ոստիկանության ներկայացուցիչները հստակ պատասխաններ չէին տալիս նաև այն հարցերի առնչությամբ, թե ինչ հանգամանքներում է Արգիշտի Կիվիրյանը փողոցը հատել:

Արգիշտի Կիվիրյանը հարկ համարեց ուշադրություն հրավիրել հանգամանքին, որ թեև ոստիկանները դատարանում անընդհատ վկայակոչում են Բաղրամյան 26 հասցեում իրեն վերագրվող արարքները, իրեն ձերբակալել են ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ ոստիկանության Արաբկիրի բաժնի դարպասի մոտից, ընդ որում՝ ոստիկաններին զգուշացրել է, որ այդ պահին ոստիկանության տարածքում է որպես լրագրող, ցույց է տվել վկայականը: Ոստիկանության ներկայացուցիչներն այս կապակցությամբ հակափաստարկներ չունեին: Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը կրկին հարցրեց՝ ոստիկանության բաժնի մոտ ինչո՞ւ են վարչական ձերբակալում իրականացրել Կիվիրյանի նկատմամբ:

«Այսինքն ոստիկանը որ ժամին որ արթնանար, որտեղ որ Արգիշտի Կիվիրյանին տեսներ, պիտի ձերբակալե՞ր»,- հարցրեց նա:

Արգիշտի Կիվիրյանը զայրացավ: Դատավոր Խանդանյանը Կիվիրյանին կոչ արեց չբորբոքվել:

«Հարգելի դատարան, եթե Ձեզ էլ մի օր էս ձևով քաշքշելով տանեն Արաբկիրի ոստիկանության բաժին, հաստատ Դուք էլ կբորբոքվեք», - արձագանքեց Կիվիրյանը:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքով, վարչական ձերբակալում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ անհնար է տվյալ վայրում վարչական իրավախախտման արձանագրություն կազմելը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը պնդում է, որ ոստիկանները սեպտեմբերի 4-ին թույլ են տվել օրինախախտումներ: Նա պնդում է, որ անհրաժեշտ է քրեական գործ հարուցել Արգիշտի Կիվիրյանին ազատությունից զրկած ոստիկանների նկատմամբ:

Ոստիկանության հայցի քննությունը կշարունակվի հունվարի 21-ին:
XS
SM
MD
LG