Մատչելիության հղումներ

Կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրություն է ներդնում


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց հետո կառավարությունը պատրաստվում է մեկ այլ ծրագիր իրականացնել՝ նորից պարտադրանքի տեսքով: Այս անգամ խոսքը պարտադիր բժշկական ապահովագրության մասին է, որն ամենայն հավանականությամբ կներդրվի 2015 թ-ից:

Կառավարությունն այսօր արդեն հանձնարարել է պետական առողջապահական գործակալությանը համապատասխան հայեցակարգ մշակել: Գործակալության պետ Սարո Ծատուրյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ առհասարակ համեմատականներ անցկացնել պարտադիր կուտակային կենսաթոշակի և պարտադիր բժշկական ապահովագրության համակարգերի միջև, ասելով, որ այստեղ տարիքային սահմանափակում չկա, եթե հիվանդ ես՝ ազատ տնօրինեիր գումարդ:

Մեկնաբանելով ներդրվելիք համակարգի՝ պարտադիր լինելու անհրաժեշտությունը, Ծատուրյանը, մասնավորապես, ասաց․ - «Հայտնի բան է, որ բժշկական ապահովագրությունից օգտվելու ավելի մեծ ցանկություն են ունենում, որպես կանոն, ավելի հիվանդ մարդիկ, ովքեր արդեն իսկ խնդիր ունեն և դրա համար ուզում են քիչ վճարելով շատ ծառայություններից օգտվել: Բայց այդպես չի լինում: Պարտադիր ապահովագրության գաղափարը նրանում է կայանում, որ երիտասարդները տարեցներին սուբսիդավորեն, հարուստները աղքատներին, քանի որ տոկոսային առումով ավելի շատ են մուծելու, քան թե ցածր եկամուտ ունեցողը»:

Պարտադիր բժշկական ապահովագրությունը ևս տարածվելու է աշխատող քաղաքացիների վրա, որոնց աշխատավարձից, փաստորեն, մի մաս էլ պետք է պահվի ապահովագրավճարները կատարելու նպատակով: Դեռևս հստակեցված, թե դա աշխատավարձի ի՞նչ տոկոսը կկազմի, հայտնի չէ նաև, թե հատկապես ո՞ր հիվանդությունների դեպքում է մարդ կարողանալու օգտվել այդ համակարգից: Որոշ հաշվարկներ, սակայն արդեն արվում են․ - «Հիվանդանոցային ծառայությունների բազային փաթեթով ապահովելու համար, մեր նախնական հաշվարկներով, կարող է կազմել 2-ից 3 հազար ամսական: Եթե մենք, օրինակ, ընդլայնենք այդ փաթեթը և ապահովագրությունը տարածենք նաև արտահիվանդանոցային բուժօգնության վրա, ապա այդ գումարը կարող է աճել և կազմել առավելագույնը մինչև 5-ից 6 հազար դրամ ամսական: Դա մեր նախնական հաշվարկներով»:

Ըստ պետական այրերի՝ 5-6000 դրամը մեծ ծախս չէ քաղաքացիների համար, հատկապես, եթե բանը հանկարծ հասնի սրտի վիրահատության:

Ի դեպ, արդեն մեկ տարի է, ինչ պետական աշխատողները սոցիալական փաթեթ են ստանում, որի շրջանակներում հնարավոր է ստանալ նաև բժշկական ապահովագրություն: Սակայն, ինչպես արդեն փորձը ցույց է տվել, դրանից օգտվելն այնքան էլ հեշտ չէ, երբեմն նույնիսկ անհնար: Պետական հաստատություններում աշխատող մարդիկ հիմնականում խուսափում են նման խնդիրների մասին խոսել տեսախցիկի առջև, սակայն մեկ կոնկրետ փաստի վերաբերյալ մեզ, այնուամենայնիվ, պատմեցին․ - «Ոչ մի բան չարեցին: Նստեցրեցին, իզուր տեղը սպասեցինք երկար ժամանակ՝ կես ժամից ավելի: Ու ասում եմ՝ ես աշխատում եմ այսինչ տեղը․․․ [պատասխանեցին]՝ մենք ձեզ չենք կարող օգնել, գնացեք ձեր հոսպիտալում էլ ստուգվեք: Ջղայինացա ու վերջ: Գիրքը [ապահովագրական գրքույկը] ինչպես տվել են, այդպես էլ դրված է տանը»:

Պետական պաշտոնյաները հույս են հայտնում, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման շնորհիվ կնվազի կոռուպցիան այս ոլորտում:

Ի դեպ, այսօր արդեն կան մասնավոր ընկերություններ, որտեղ գործատուն է հոգում աշխատողների բժշկական ապահովագրության հարցերը առանց աշխատավարձից գումար պահելու: Սակայն պետական առողջապահական գործակալության պետի կարծիքով՝ պարտադիրը պետք է տարածել բոլոր աշխատողներ վրա:

Թեպետ պետությունը խոստանում է որպես ապահովագրող հանդես գալ սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն մի շատ կարևոր խնդիր այդպես էլ չի լուծվում․ ամբողջ ինտերնետը ողողված է հիվանդ երեխաների լուսանկարներով, որոնք չունենալով բավարար միջոցներ չեն կարողանում անհրաժեշտ բուժում ստանալ: Այսօր նաև լուրջ առողջական խնդիր ունի հանրահայտ հայտ գրող Լևոն Խեչոյանը, որի վիճակը գերմանացի բժիշկները գնահատել են օրհասական: Հարցին՝ արդյոք պարտադիր բժշկական ապահովագրությունը իր մեջ կներառի այսպիսի խնդիրներ, Ծատուրյանն ասաց․ - «Մենք կկարողանա՞նք մեզ վրա վերցնել այդպիսի շատ թանկարժեք բուժօգնության դեպքերը թե չէ, ես այս պահին չեմ կարող վստահաբար ասել: Սրանք հաշվարկների հարցեր են»:
XS
SM
MD
LG