Մատչելիության հղումներ

Բրյուսելը պատրաստ է ֆինանսապես աջակցել Կիևին


Ուկրաինայում ցույցերը շարունակվում են, Կիև, 16 դեկտեմբերի, 2013թ.
Ուկրաինայում ցույցերը շարունակվում են, Կիև, 16 դեկտեմբերի, 2013թ.

Վաղը (դեկտեմբերի 17-ին) Ուկրաինայի նախագահը մեկնում է Մոսկվա։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի համոզմամբ, Բրյուսելը կարող է ֆինանսական անհապաղ աջակցություն տրամադրել Ուկրաինային և այդպես կարգավորել հարցերը, որոնք նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներկայացրել է որպես Ասոցացման պայմանագիրը կնքելու հիմնական խոչընդոտ։ Ընդ որում օգնությունը հնարավոր է հատկացնել թե Եվրամիության, թե ֆինանսական հաստատությունների, և թե մասնավոր սեկտորի ջանքերով։

Կրեմլն ամեն կերպ Կիևին համոզում է հեռու մնալ Ասոցացման համաձայնագրից, ըստ վերլուծաբանների, Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակցության սահմանը հիմա անցնում է Ուկրաինայով։

Մինչդեռ, Քեթրին Աշթոնը վստահեցնում է, որ ուկրաինական ճգնաժամը չպետք է բացասական ազդեցություն գործի Բրյուսելի և Մոսկվայի հարաբերությունների վրա։

Մինչ այդ Ասոցացման պայմանագրի կողմնակիցները շարունակում են ակցիաները Անկախության հրապարակում։

«Ամբողջ անցած դարը մենք Ռուսաստանի հետ էինք և գիտենք, որ դա չէ մեր երկրի համար լավագույն ճանապարհը։ Մենք այդ ղեկավարներից շատերին դեռ սովետական ժամանակներից ենք ճանաչում, հիմա նրանցից ոմանք Մոսկվայում են, ոմանք Կիևում, նրանք Ուկրաինայի, մեր ժողովրդի դեմ են աշխատում»,- ասել է երիտասարդ ակտիվիստ Յուրին։

Եվրամիության արտգործնախարարներն այսօր Բրյուսելում են հանդիպում։ Գերմանիայի արտաքին գործոց նախարար Գիդո Վեստերվելեն ուկրաինացիների ներկայիս ակտիվությունը համարում է Ուկրաինան հենց Եվրոպայում տեսնելու երազանքի վկայություն։

«Ուկրաինացիների ցույցերն ու երթերը Եվրոպայի գրավչության նշանն են։ Մենք Ուկրաինայում որևէ կուսակցություն չենք պաշտպանում, մենք եվրոպական արժեքներն ենք պաշտպանում»,- ասել է Վեստերվելեն։

Այսօր ժամանելով Բրյուսել, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը նախագահ Յանուկովիչի անկայուն մոտեցման մասին է խոսել։

«Մի օր նա [Յանուկովիչը] ասում է, թե ցանկանում է կնքել Ասոցացման համաձայնագիրը, հաջորդ օրն էլ ասում է, թե կպատժի համաձայնագիրը նախապատրաստած պաշտոնյաներին։ Կշնորհավորեմ նրան, ով կհասկանա Յանուկովիչի հայտարարությունների իմաստը»,- ասել է Բիլդտը։

Ուկրաինական զարգացումները նաև Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում է։ Նախօրեին Կիև այցելած սենատոր Ջոն ՄքՔեյնը ելույթ է ունեցել Մայդանում։

«Շնորհիվ Ուկրաինայի՝ Եվրոպան ավելի լավը կդառնա, շնորհիվ Եվրոպայի` Ուկրաինան ավելի լավը կլինի, դիմում եմ բոլոր ուկրաինացիներին` Ամերիկան ձեզ հետ է, ազատ աշխարհը ձեզ հետ է, ես ձեզ հետ եմ»,- ասել է սենատորը։

Ուկրաինայի արևմտյան և արևելյան հատվածների բնակիչները, որպես կանոն, իրարամերժ մոտեցումներ ունեն քաղաքական կողմնորոշման հարցում։ Եթե արևմտյան` ավելի ուկրաինախոս տարածքներում գերակայում է եվրաինտեգրման գաղափարն, ապա արևելյան շրջաններում մարդիկ հիմնականում ռուսախոս են և իրենց ապագան միանշանակ կապում են Ռուսաստանի հետ։

Կիև ժամանած մի կին ակտիվիստ «Ռոյթրին» ասել է, որ «Դոնեցկը, Լուգանսկը կխափանեն «նարնջագույնների» ծրագրերը, այդ շրջանները միշտ աջակցել են և կշարունակեն աջակցել Յանուկովիչին»։

Ուկրաինայի ֆինանսների և արտաքին գործերի նախկին նախարար, Գերագույն ռադայի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկն, ով հիմա ընդդիմության լիդերներից է, ասել է, որ ընդդիմությունն այսօր արդեն ավելի հզոր է, քան իշխանությունը։

«Քայլ առ քայլ, օրըստօրե մենք նվաճումներ ենք գրանցում, մենք կհասնենք մեր Ուկրաինայի հաղթանակին, մեր հայրենիքի, յուրաքանչյուր ուկրաինացու, այս եվրոպական մեծ երկրի հաղթանակին»,- ասել է Յացենյուկը։

Լարվածությունը չի մարում։ Այսօր եվրոպացիներն են քննարկում Ուկրաինայի հարցը, իսկ վաղը Վիկտոր Յանուկովիչը մեկնում է Մոսկվա, որտեղ բանակցելու է Վլադիմիր Պուտինի հետ։ Ենթադրվում է, որ վաղը կողմերը կստորագրեն տարբեր փաստաթղթեր, սակայն առ այժմ խոսք չկա Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության մասին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ է անդրադարձել Ուկրաինայի կացությանը։ «Ռոսիա-24» հեռուստակայանին տված հարցազրույցում նա հավաստիացրել է, որ այդ ռազմական դաշինքը երբեք, ոչ մի պարագայում չի միջամտի Ուկրաինայի գործերին։
XS
SM
MD
LG