Մատչելիության հղումներ

Դավութօղլուն ցանկանում էր «շոշափել հասարակական տրամադրությունները»


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպել է որպես անհատ։

«Ազատությանը» տված հարցազրույցում Մանուկյանը փոխանցեց, որ Երևանում անցած հինգշաբթի տեղի ունեցած հանդիպմանը նա չի ներկայացրել ոչ Հայաստանի, և ոչ էլ Հանրային խորհրդի տեսակետը: Պարզապես իր անձնական մոտեցումներ է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, ինչը հետաքրքրել է Դավութօղլուին:

«Առավոտյան ուղղակի պատվիրակությունից մեկը զանգեց, հարցրեց՝ ես դե՞մ չեմ լինի հանդիպելու, ասացի՝ «դեմ չեմ»։ Ինչու է ինքը ուզել հանդիպել, կամ ինչու պատվիրակությունը է այդպիսի բան կազմակերպել, ես դժվարանում եմ ասել, բայց հետը խոսելիս տպավորությունս այն էր, որ իրենք ոչ այնքան եկել էին ինչ-որ հայտարարություններ անելու, որքան շոշափելու հասարակական տրամադրություններ։ Եվ այդ տեսակետից երևի կարևորել էին [ինձ]... և Հանրային խորհուրդ, և առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, պաշտպանության նախարար պատերազմի ժամանակ, որովհետև հատուկ նշեց ինքը, նույնիսկ ասաց, որ իրեն հետաքրքիր է խոսել մարդու հետ, ով էքստրեմալ ժամանակներում ղեկավար է եղել»,- ասաց Մանուկյանը։

«Ես որպես անհատ էի խոսում»,- շարունակեց Հանրային խորհրդի նախագահը.- «Եվ ես ուզեցի, որ ինքը հստակ պատկերացնի մեր վերաբերմունքը Ղարաբաղի հարցին, ցեղասպանության և մեր փոխհարաբերությունների վերականգման կամ ստեղծման հարցերին»։

Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք իր այդ հանդիպումը համաձայնեցրե՞լ էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Մանուկյանն ասաց, թե ոչ հանդիպումից առաջ և ոչ էլ հետո Սերժ Սարգսյանին այդ մասին տեղյակ չի պահել:

«Ես իր հետ չեմ խոսել դրա մասին, ոչ մի համաձայնության անհրաժեշտություն չկար, ինձ դիմել էին որպես անհատի, ես էլ որպես անհատ գնացել էի։ Ես չգիտեմ նույնիսկ՝ նա տեղյակ է, թե՝ ոչ մեր հանդիպման մասին»,- ասաց նա։

Չնայած այն հանգամանքին, որ ինքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին, Վազգեն Մանուկյանը դրական է համարում, որ պաշտոնական Երևանը ընդգծված սառնությամբ ընդունեց Դավութօղլուին: Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը չընդունեց Թուրքիայի արտգործնախարարին, Էդվարդ Նալբանդյանն էլ նրա հետ ժամուկես հանդիպումից հետո որևէ հայտարարություն չարեց: Պաշտոնական հայտարարության մեջ այդ հանդիպման մասին ընդամենը մեկ նախադասություն էր հիշատակված: Իշխանական շրջանակները մասնավոր զրույցներում չէին թաքցնում, որ Դավութօղլուն Երևան էր եկել ընդամենը մոլորեցնելու միջազգային հանրությանը՝ ձևացնելով, թե Հայաստանի հետ երկխոսությունը շարունակվում է, և թուրքական շոուն տապալելու նպատակով պաշտոնական Երևանը ընդգծված սառնությամբ ընդունեց Դավութօղլուին:

«Ես դրական և ճիշտ եմ գնահատում, որ նախագահը չհանդիպեց Դավութօղլուին, և սառը վերաբերմունքը, որովհետև իրենք մեզ փաստորեն այս արձանագրությունների հարցում կոպիտ ասած «քցեցին»։ Գնացինք ինչ-որ ճանապարհով, հաղթահարելով մեծ բարդություններ, և Թուրքիան փաստորեն ինչ-որ տեղից հետո կանգնեց դեռ հերիք չէ, Ղարաբաղի հարցն էլ կապեց այդ հարցի հետ։ Դրա համար մեր սառնությունը շատ բնական է։ Իհարկե, դրանից չի բխում, որ եթե ինձ հրավիրում էին հանդիպման, ես պետք է չհանդիպեի, որովհետև բոլոր դեպքերում ինչ-որ շփումներ պետք են, որովհետև ես չեմ ներկայացնում պետությունը։ Բայց պետության կողմից այդ սառնությունը, իմ կարծիքով, շատ ճիշտ է»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով Դավութօղլուի հետ բուն զրույցին՝ Վազգեն Մանուկյանը պատմեց, որ ինքը խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, Թուրքիայի արտգործնախարարին ասել է, որ անկախ այն հանգամանքից, թե երկու երկրների կառավարությունները իրար հետ ինչ կպայմանավորվեն, միևնույն է՝ Հայաստանի և Սփյուռքի հայությունը հետևողականորեն առաջ է տանելու ցեղասպանության ճանաչման հարցը, և հատկապես Թուրքիայի կողմից:

«Մեր ընտանիքի մասին պատմեցի, որ պապս հինգ տղաների հետ Վանա լճի ափից՝ Մոկսից, գաղթելով Հայաստան, հասել է միայն հորս հետ։ Եվ դա մեր առօրյա խոսակցությունն էր, այսինքն մենք անմիջապես մասնակիցն ենք այդ ամեն ինչի, և դա համարյա բոլոր հայկական ընտանիքներում է։ Բացի պատմական հիշողությունից, բացի մեր պապերի, հայրերի նկատմամբ պարտքից, նաև որոշակի երաշխիք կա, որ Թուրքիան այն պետությունն է, որը չի ընդունում իր արած ցեղասպանությունը, ապա այն շարունակում է վտանգավոր մնալ մեզ համար։ Ինքն էլ նշեց, որ տարիների ընթացքում այդպիսի խոսակցություններ չէին կարող լինել Թուրքիայում՝ ցեղասպանության մասին, և այլն, իհարկե, առանց «ցեղասպանություն» բառը օգտագործելու, բայց այժմ դա քննարկվում է հասարակության կողմից, և այդ տեսակետից, իսկապես տեղաշարժ կա»,- պատմեց Մանուկյանը։

Մանուկյանը Դավութօղլուի հետ զրույցում անդրադարձել է նաև 1993 թվականին Հայաստանի հետ սահմանը փակելու Թուրքիայի որոշմանը՝ ընդգծելով, որ դա անհեռատես որոշում էր, Դավութողլուն էլ մասամբ համաձայնել է Մանուկյանի հետ.- «Ինքը խոստովանեց, որ եթե փակում ես ամեն ինչ, կորցնում ես ազդելու հնարավորությունը։ Եվ ասաց, որ եթե 93 թվականին իրենք ավելի ճկուն լինեին, ավելի մեծ հնարավորություններ կունենային ազդելու Անդրկովկասում տեղի ունեցող դեպքերին»։

Հանրային խորհրդի ղեկավարը Թուրքիայի արտգործնախարարին է ներկայացրել է նաև հայկական կողմի պատկերացումները ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, քանի որ ինչպես Մանուկյանն է ընդգծել, Թուրքիան ճիշտ չի պատկերացնում այդ հարցը: Մասնավորապես, Հայաստանի նախկին վարչապետն ու պաշտպանության նախկին նախարարն ասել է, թե փախստականների վերադարձի, տարածքների և սահմանների հստակեցման խնդիրը բանակցությունների հարց է, խնդրի մեխը Ղարաբաղի կարգավիճակն է:

«Քանի որ Ալիևը հիմար մարդ չէ, ճիշտ քայլ է անում իրենց տեսակետից, գտնում է, որ միայն պատերազմով կարելի է վերադարձնել, բայց եթե պատերազմ սկսվի, ես ասացի, որ որպես նախկին պաշտպանության նախարար՝ ասում եմ, որ շատ կատաղի պատերազմ է լինելու, և մենք ամեն ջանք թափելու ենք հաղթելու, ինչպես առաջին անգամ ջանք թափեցինք և հաղթեցինք, բայց այս պատերազմին խառնվելու են շատ այլ երկրներ, և փաստորեն Թուրքիայի հյուսիսային լինելու է մի պայթող կաթսա, իրենց ինչի՞ն է պետք դա։ Իրենք պետք է հստակ հասկանան, որ Ղարաբաղի ստատուսի հարցը երբեք բանակցություններով լուծվելիք հարց չէ, իսկ եթե Թուրքիան սպասելու է, որ Ղարաբաղի հարցում փոփոխություն է լինելու, չի լինի առանց պատերազմի։ Պատերազմի դեպքում էլ ահավոր վիճակ է ստեղծվելու տարածաշրջանում։ Նորից նույն կերպ են սխալվելու, ինչպես 93-ին»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
XS
SM
MD
LG