Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը այցելում է Թբիլիսի


Տարոն Մարգարյանը և Գիգի Ուգուլավան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Տարոն Մարգարյանը և Գիգի Ուգուլավան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքապետ Գիորգի (Գիգի) Ուգուլավայի հրավերով շաբաթ օրը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի մայրաքաղաք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երեկ Մարգարյանը և Ուգուլավան Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում ներկա են գտնվել կիրակնօրյա պատարագին, որից հետո Երևանի քաղաքապետը մտերմիկ մթնոլորտում շփվել է պատարագին մասնակից թբիլիսահայերի հետ:

Մարգարյանը Ուգուլավայի հետ միասին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդության կենտրոն: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ քաղաքապետները ծանոթացել են կենտրոնի գործունեությանն ու պայմաններին: Թեմի առաջնորդը նշել է, որ եկեղեցուն կից կենտրոնում այսօր ուսանում են շուրջ 650 երիտասարդներ և երեխաներ:

Երևանի և Թբիլիսիի քաղաքապետները «Հայարտուն» կենտրոնում նաև մասնակցել են Վրաստանի մայրաքաղաքի հայ և վրացի ժամանակակից նկարիչների «Դիմանկար 21» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը:

Տարոն Մարգարյանը Գիգի Ուգուլավայի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի Glass Work Georgia ապակու գործարան, Թբիլիսիի «Քարվասլա» պատմության թանգարան: Հյուրերին ներկայացնելով որոշ արժեքավոր ցուցանմուշներ՝ թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ դրանք հայկական են:

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը այցելել է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG